Մատչելիության հղումներ

2040-ին 4 միլիոն բնակչի մասին նախագահի հայտարարությունը «կենաց է, բարեմաղթանք»․ վերլուծաբան


Նախագահ Սերժ Սարգսյանը այս էլ երկրորդ անգամ հայտարարում է՝ իրենց նպատակն է, որ Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Այս մասին նա ասաց երեկ՝ դիմելով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներին։

Վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ նախագահն ինքն էլ չի հավատում իր խոսքերին։ Անիրական համարելով 23 տարի հետո Հայաստանի բնակչության նման աճի մասին նախագահի խոսքերը, վերլուծաբանը կարծում է՝ դա ընդամենը բարեմաղթանք է, որի շուրջ սփյուռքի երիտասարդները չեն հավաքվի։

«Իմ կարծիքով՝ նա ինքը չի հավատում, իհարկե, այդ թվին, և ես պիտի համաձայնեմ բոլոր այդ համաժողովի բանախոսների հետ, որ դա իսկապես ուտոպիա է, դա իսկապես անիրականանալի է», - ասաց Բաղդասարյանը՝ շարունակելով․ - «Հասկանալի է, որ միայն ծնելիության աճով մենք 4 միլիոն չենք ունենա, հասկանալի է, որ դա կարող է լինել միայն ներգաղթը, բայց Հայաստան ներգաղթի մեծ ալիք, տեսեք, վերջին 200 տարում եղել է երեք անգամ․ առաջին՝ 1828 թվականից հետո՝ Ռուս-պարսկական պատերազմից հետո, երկրորդը՝ անցյալ դարի 20-ական թվականներին՝ հեղափոխությունից, քաղաքացիական պատերազմից հետո, երրորդը՝ 46 թվականին՝ Հայրենական պատերազմից հետո: Հիմա մենք շատ հեռու ենք այդ վիճակից: Պատերազմը չի ավարտվել, տեսանելի ապագայում չի երևում, թե ինչպես է ավարտվելու: Հետևաբար՝ ներգաղթը պիտի մոռանանք»:

Վերլուծաբանի համոզմամբ՝ «դա ծրագիր չի, դա նպատակ չի՝ դա կենաց է, դա ցանկություն է, դա բարեմաղթանք է, նպատակ, տեսլական, որի շուրջ, իր կարծիքով, սփյուռքը պիտի համախմբվի»: «Ո՞րն է՝ ներդրումները, երիտասարդների մասնակցությունը և դեմոգրաֆիկ աճը․ կհավատա սփյուռքը՝ կգան, չեն հավատա՝ չեն գա: Նախադրյալներ չկան, որ կհավատա․ նախ՝ օբյեկտիվ պատճառներով, որովհետև խաղաղություն դեռ չկա՝ դա հիմնականն է, երկրորդը՝ որովհետև երկրում առկա է կոռուպցիա, չի կարող ներդրում լինել մի երկրում, որտեղ, ինչպես նշել են բազմաթիվ տնտեսագետներ, ազգային հարստության կեսից ավելին պատկանում է 40-50 ընտանիքի», - ընդգծեց Բաղդասարյանը:

«Լավ, սփյուռքահայ երիտասարդները եկան, նրանք գալու են ի՞նչ անեն՝ գալու են նայեն Մասիս սարի՞ն: Նաև կնայեն, բայց միայն դա քիչ է՝ նրանք պիտի գան ներդրումներ անեն, աշխատեն: Հարվարդը ավարտածը պիտի գա էստեղ ինժենե՞ր աշխատի 80 հազար դրամով: Պիտի բիզնես ստեղծելու նախադրյալներ լինեն, ներդրումներ լինեն: Ներդրումային ոլորտ չեմ ասում չկա՝ կա, բայց մնացել են միայն ոչ-շահութաբեր ոլորտներ», - ասաց վերլուծաբանը:

«Բոլոր շահութաբեր ոլորտները վաղուց բաժանված են մի քանի օլիգարխների մեջ: Սփյուռքը կարող է ներդրումներ անել միայն այն ոլորտներում, որտեղ շահույթը շատ քիչ է և շատ ռիսկային, կոպիտ ասած՝ այն ոլորտներում, որտեղ տեղական օլիգարխները զահլա չունեն ներդրումներ անեն», - շեշտեց Արմեն Բաղդասարյանը:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG