Քննարկումներին զուգահեռ, թե անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) նախորդ ավելի քան երկուսուկես տարում ինչ տվեց Հայաստանի տնտեսությանը, կարծիքներ են հնչում, որ ԵԱՏՄ-ը բացասաբար է անդրադարձել երկրում մարդու իրավունքների պաշտպանության վրա:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով հյուրընկալվել էր «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականին», այդ առնչությամբ հայտարարեց․ - «Եվրասիական տնտեսական միության հիմնադիր երեք անդամ պետություններից միայն Ռուսաստանի Դաշնությունն է Եվրոպայի խորհրդի անդամ՝ ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղազախստանը, և չորրորդ անդամը Հայաստանն է, որ Եվրոպայի խորհրդի անդամ է: Այսինքն, այստեղ նույնիսկ բոլոր վերապահումներով հանդերձ, զուտ չոր փաստացի առումով, դա այն տարածքը չէ, այն միջավայրը չէ, որտեղ մենք կկարողանանք արդեն որդեգրած՝ գոնե առնվազն հռչակված այդ սկզբունքները, որը հանդիսանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիան և դրա իրականացման այդ ամբողջ գործիքակազմը, մեխանիզմները և այլն, որ կարողանանք իրացնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»:
Իրավապաշտպանն ընդգծեց՝ «որևէ հիմնավորում չունի, որ դա [ԵԱՏՄ-ը] համարենք զուտ տնտեսական կառույց», և պարզաբանեց․ - «Որովհետև ցանկացած տնտեսական գործունեության դաշտը խարսխված է այդ երկրում իրավական կարգավորումներով, որը ենթադրում է անկախ դատական իշխանություն, իրավունքի գերակայության սկզբունք, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունք՝ այդ ամենը գոյություն չունի ո՛չ Բելառուսում, ո՛չ Ղազախստանում, և չեն էլ ստանձնել: Բայց նաև Ռուսաստանը, որը ստանձնել է որպես Եվրոպայի խորհրդի անդամ, ամենավատ կերպով է վարվում այդ ամեն սկզբունքների հետ: Հիմա ներգրավվել ենք այդ տնտեսական միության մեջ, և անցած ժամանակաշրջանը ցույց է տալիս, որ որևէ արժեքային, որևէ էական փոփոխություններ չասեմ, այլ՝ նշանակություն չունեցավ, ավելին՝ նաև հետընթաց ունեցանք»:
Անդրադառնալով փաստարկներին, որ այլ միության մեջ մտնելու, մասնավորապես՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու դեպքում արդյոք Հայաստանը չէ՞ր ունենալու խնդիրներ, կամ դրանք լուծվելո՞ւ էին, իրավապաշտպանը շեշտեց․ - «Մենք չենք էլ ասել, որ բոլոր խնդիրները լուծվելու են, բայց մենք խոսում ենք խնդիրների լուծման հնարավորության մասին, այսինքն՝ տալի՞ս է Եվրասիական տնտեսական միությունը համակարգային լուծումներ, կամ հնարավորություննե՞ր է ստեղծում մեր գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար․ իհարկե՝ ոչ»:
«Ավելին, այն փաստարկները՝ հիմա շատ զուսպ են այդ փաստարկների հիշատակման առումով, որ բերվում էին, թե իբր դա նաև պայմանավորված է անվտանգության գործոններով, դա նույնպես հերքվեց անցած ժամանակաընթացքում, որովհետև հենց անվտանգության տեսակետից դարձանք նաև խոցելի, և Եվրասիական տնտեսական միությունում անդամագրվելը չբարձրացրեց Հայաստանի անվտանգության մակարդակը», - ասաց Սաքունցը՝ ընդգծելով, որ խոսքը միայն ապրիլյան պատերազմի մասին չէ․ - «Ապրիլյան պատերազմին նախորդել է նաև հրադադարի ռեժիմի հետևանքով մահացության դեպքերի կտրուկ աճ, և մենք դա բազմիցս նշել ենք, որ եթե մինչև 14 թվականը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերի թիվը մեր ընդհանուր Զինված ուժերում մահացությունների թվում կազմում էր ընդամենը 20-25 տոկոսը, ապա 14 թվականից հետո կտրուկ աճեց՝ հասավ 50-55 տոկոս»:
ԵԱՏՄ-ը՝ ավտորիտար ռեժիմների հավաքատեղի
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, իր հերթին, պնդեց, որ Ռուսաստանի նախաձեռնած միությունը ավտորիտար ռեժիմների հավաքատեղի է, ուր գլխավոր նպատակը տասնամյակներով իշխող նախագահներին ցմահ իշխանություն ապահովելն է:
Միաժամանակ, նրա կարծիքով, նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ապագան «ուղիղ կապ չունի ԵԱՏՄ-ին անդամակցելու-չանդամակցելու հետ»: «Դե պարզ է՝ ավտորիտար ռեժիմների պարագլուխները, ինչպիսին Սերժիկ Սարգսյանն է, պիտի կամենա իշխանության հավերժություն, հավերժացում, անձեռնմխելիություն, լավ, չասենք իշխանություն, որովհետև ակնհայտ է, որ իշխանազրկումը իր դեպքում հանգեցնելու է իր և իր մերձավոր շրջապատի ունեզրկման, ազատազրկման և գուցե տարբեր վրեժխնդրությունների, և այս իմաստով՝ դա թիվ մեկ խնդիրն է Հայաստանի իշխանությունների համար», - նշեց Բարսեղյանը և շարունակեց․ - «Գուցե ճանապարհներից մեկը՝ ԵԱՏՄ-ով ստանալ, չգիտեմ, Կրեմլի աջակցությունը, բայց կարծում եմ, որ տեխնիկական իմաստով դրա կարիքը նույնիսկ չունի՝ այնպիսի ապարատ է աճեցրել այսպես կոչված ազգային անվտանգության, ոստիկանության, հատուկ ծառայությունների, գուցե այնպիսի ծառայությունների, որոնց մասին մենք տեղյակ էլ չենք, որ իրեն հազար ու մի ձևով պատնեշում են <...>: Այսինքն՝ էս իմաստով, անձեռնմխելիությունը ինքն իր խելքով ապահովել է՝ դրա համար կարիք չկար ԵԱՏՄ մտնել: Ուրիշ բան, որ գուցե հաղորդակից անոթների մոդելի նմանությամբ՝ եթե մաս ես դառնում ինչ-որ մի համակարգի, անպայման ազդվում ես դրանից»:
«Էն ժամանակ նույնիսկ սկսեցին խոսել իրենց լիրիկայի մեջ, թե «ա՛յ մարդ, գուցե մենք ժողովրդավարացնո՞ւմ ենք այդ միությունը»՝ մոտավորապես էսպիսի անհեթեթություններ: Հա, բա չե՞ս ժողովրդավարացնում՝ անցած երկու տարիների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ահռելի նահանջ ես արձանագրել, ասենք՝ 15-ին 450 խաղաղ ցուցարար ես բռնել տարել ծեծել, անցած տարի մոտավորապես 850 ես բռնել տարել ծեծել, այսինքն՝ առիթը լինի՝ դու ցույց տալու ես, որ դու մարդատյաց ես, այսինքն՝ քո ռեժիմը փոխվում է, չհաշված մնացած մի շարք նահանջները», - շեշտեց «Ասպարեզ» ակումբի նախագահը:
«Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանը ԵԱՏՄ մտցնելը իր պաշտոնական երկարակեցության գերագույն թիրախն ուներ: Չէ, ուղղակի սիրում էր մարդը, սիրում է Կրեմլի վարած քաղաքականությունը, հարմար է գտնում այնտեղ, էդ միջավայրը իրեն հարազատ է, էն մնացածը ոնց որ օտար է, էն մնացածը հարկավոր է փող պոկելու համար, ասենք՝ Եվրոպան փող տալի՞ս է՝ հա, եկեք էս մի բարեփոխումը խոստանանք՝ փողը պոկենք», - ասաց Լևոն Բարսեղյանը:
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի սեպտեմբերի 17-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․