Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է»


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

«Կասկածից վեր է, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունն անհամեմատ ուժեղ է սփյուռքի ավանդական կառույցների միջազգային համայնքում ինտեգրված մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ», - հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր մասնակցելով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանը և ելույթ ունենալով համաժողովի առաջին լիագումար նիստում: «Մենք բարձր ենք գնահատում բոլորիդ և յուրաքանչյուրիդ ներդրումը», - վստահեցրեց նախագահը:

«Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության կոչը չպետք է դիտվի որպես ինքնուրույնության հականիշ: Ընդհակառակը, համագործակցաբար, ուս ուսի տված և միայն տարբեր մոտեցումների համադրմամբ մենք կարող ենք հասնել արդյունավետ լուծումների: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է», - ընդգծեց Սերժ Սարգսյանը:

«Նախորդ երեք տարիների ընթացքում Հայաստանի կյանքում տեղի են ունեցել նշանակալի իրադարձություններ: Այժմ գտնվում ենք լիարժեք խորհրդարանական կառավարման անցնելու ճանապարհին: Սա նշանակում է, որ նոր հնարավորություններ են ստեղծվում երկրի հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու և ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու առումով: Կոչս առաջին հերթին ուղղված է մեր այն հայրենակիցներին, ովքեր տարիներ ի վեր ճանապարհներ են փնտրել զարգացման և բարեփոխումների իրենց գաղափարները Հայաստանում լսելի դարձնելու համար: Հիմա եկել է գաղափարները կյանքի կոչելու ժամանակը», - ասաց Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Ինչպես գիտեք, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում համապետական հանրաքվեով ընդունվեցին Սահմանադրության փոփոխությունները, որոնք հեղափոխական բարեփոխումների հիմք են դարձել մեր պետական կառավարման, հանրային կյանքի և քաղաքական բնագավառներում: Հայաստանը փոխվում է, դառնում ավելի բաց, ճկուն և ժողովրդավար: Փոխվում են նաև մեր քաղաքացին, քաղաքական և հասարակական կյանքը՝ դառնալով ավելի օրինապաշտ և կազմակերպված: Ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության, իշխանությունների պատասխանատվության, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հասունության իրողություններն են, որ պետք է անընդհատ կատարելագործենք»:

«2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք անցան աննախադեպ թափանցիկության, և միջազգային մասնագիտական կառույցների բարձր գնահատականներ ստացած նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա: Միջազգային և տեղական դիտորդները բարձր գնահատեցին ժողովրդավարության կառուցման ճանապարհին այս ձեռքբերումը, որը, իհարկե, հնարավոր չէր լինի առանց հասուն քաղաքացու, իրենց պատասխանատվությունը գիտակցող քաղաքական ուժերի, արմատավորվող երկխոսության մշակույթի և միջազգային մեր գործընկերների քաղաքական և ֆինանսական աջակցության», - հայտարարեց Սերժ Սարգսյանը: - «Միս ու արյուն ստացող սահմանադրական նոր կարգը լավ հիմք է քաղաքական երկխոսության մշակույթը ամրացնելու, քաղաքական ուժեղ կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը ուժեղացնելու և օրինականության հանդեպ հարգանքը մեր երկրում խորացնելու և անշրջելիորեն արմատավորելու համար: Կարևոր է նաև, որպեսզի մենք պայմաններ ստեղծենք բոլոր հնարավոր ժամանակակից միջոցներով սփյուռքի մեր եղբայրներին և քույրերին Հայաստանի իրական կյանքին ծանոթացնելու համար` անկախ նրանց կուսակցական կամ քաղաքական նախասիրություններից։ Միայն օբյեկտիվ իրականությունը և միմյանց կարիքները հասկանալով մենք կարող ենք ստեղծել ներառական և իրական օրակարգ»։

«Ամփոփելով անկախության քսանհինգ տարիների ձեռքբերումներն ու բացթողումները՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում մենք հրապարակեցինք գալիք 25 տարիների հիմնական գերակայությունների մասին մեր պատկերացումները։ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավումը հիմնական շեշտադրումներից մեկն էր այդտեղ։ Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են և հետևանք են քառորդդարյա օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների։ Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը։ Մենք հայտարարել ենք, որ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք ՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետևաբար նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում», - նշեց նախագահը և հավելեց․ - «Հենց այս խնդրի իրականացումն է դառնալու, իմ կարծիքով, գալիք մի քանի Հայաստան-Սփյուռք համաժողովների քննարկման հիմնական թեման։ Մինչև հաջորդ համաժողով մենք կավարտենք բոլորիս անելիքների քարտեզագրումը, կբյուրեղացնենք ինչպես մեր միասնական քայլերի տրամաբանությունը, այնպես էլ սփյուռքի յուրաքանչյուր համայնքին բաժին ընկնող նպատակների ու անելիքների համալիրը»։

«Հաջորդ Հայաստան-Սփյուռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի համահայկական քննարկման հավաքն ու դրա իրականացման ընթացքի իրական սկիզբը։ Սա պայմանավորվում ենք հենց հիմա այստեղ», - հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ «հասունացել ենք հայրենադարձության կազմակերպման հարցի շուրջ լրջորեն քննարկում ծավալելու համար»։

«Հայ զինվորն է այստեղ պահպանում խաղաղությունը»

Նշելով, որ անցած երեք տարիներին շարունակվել է լարվածությունը տարածաշրջանում, նախագահը ասաց․ - «2016-ի ապրիլին մեր ժողովրդին նորից պարտադրվեց պատերազմ, և մենք նորից պատվով դիմագրավեցինք հակառակորդի կողմից նախնադարյան մտածողության արգասիք վայրագությանը: Այսօր մենք պետք է դրվատենք մեր զինվորների և սպաների անձնվիրությունը, հերոսությունը և մարտական ոգին, բայց պետք է չմոռանանք, որ կարճատև պատերազմում մենք ունեցանք նաև կորուստներ: Փա՛ռք ու պատիվ մեր զինված ուժերին»:

«2016-ի ապրիլին մենք կրկին ցույց տվեցինք աշխարհին մեր միասնականությունը և հայի անկոտրում ոգու ուժը: Մենք համախմբվեցինք, լարեցինք մեր ուժերը մարտի դաշտում, որպեսզի այնուհետև ամրագրենք մեր շահերը բանակցությունների սեղանի շուրջ: Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ միջազգային դատարանները, համոզված եմ, դեռ իրենց վճիռները կկայացնեն: Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, և համաշխարհային հանրության առջև մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները: Հայ զինվորն է այստեղ պահպանում խաղաղությունը՝ իրականության հետ կապը կորցրած հարևան երկրի իշխանությունների դեմ: Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզը երկրի ներսում և այդ քարոզչությունը միջազգային ասպարեզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակ, երբ հայ հասարակությունը` Արցախում, Հայաստանում ու սփյուռքում ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը», - հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ շեշտելով․ - «Չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ: Մենք համոզված ենք, որ միջազգային խաղաղության պահպանման և հակամարտությունների կանխարգելման համար կարևոր է մարդու իրավունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքների իրացումը, քանի որ գրեթե բոլոր դեպքերում այդ իրավունքի սահմանափակումը առաջացնում է քաղաքական ճգնաժամ և ապա՝ պատերազմ»:

«Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ պետության դիրքորոշումը մնացել է նույնը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, և պարբերաբար անցկացվող հերթական ընտրություններով, պետական կայուն համակարգով, զարգացող տնտեսությամբ ու հայրենասեր քաղաքացիների ջանքերով ամեն օր իրացնում է իր այդ իրավունքը: Արցախի քաղաքացիների կողմից իրենց անօտարելի իրավունքի իրացումը պատմական փաստ է: Մնացյալ հարցերը կարելի է կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով: Տարիների ընթացքում, չնայած բոլոր տեսակի քաղաքական առասպելներին մենք ապացուցել ենք, այս ուղուց մեզ շեղել հնարավոր չէ», - հայտարարեց Հայաստանի նախագահը:

«Մենք դեռ պարտադրված ենք ապրելու շրջափակման մեջ»

«Անկայուն իրավիճակը մեր սահմաններին նախևառաջ մեզ ստիպում է ավելի աչալուրջ լինել արտաքին վտանգների նկատմամբ և ինքնակազմակերպվել մեր երկրում՝ կառուցելով ավելի արդյունավետ պետական կառավարման համակարգ, շարունակելով ուժեղացնել ժողովրդավարական ինստիտուտները, ամրապնդելով և զարգացնելով տնտեսությունը: Այս բարդ տարածաշրջանում մենք դեռ պարտադրված ենք ապրելու շրջափակման մեջ», - ասաց Սարգսյանը:

«Չնայած մեր բարի կամքին, բոլոր միջազգային գործընկերների կողմից բարձր գնահատված քաղաքական խիզախությանը՝ Թուրքիան հրաժարվեց կյանքի կոչել 2009 թվականին ստորագրված Ցյուրիխյան երկու արձանագրությունները: Ավելին, փորձեց Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ ևս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելը այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում: 2015 թվականի փետրվարի 16-ին ես հետ կանչեցի ստորագրված արձանագրությունները Ազգային ժողովի օրակարգից: Նույն տարում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ես արդեն հայտարարել եմ այս հարցի առնչությամբ Հայաստանի վերջին խոսքը և այդ իմ դիրքորոշումը չի փոխվել», - հայտարարեց նախագահը: - «Տեսնելով Թուրքիայի շարունակական ուրացումը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին դարձավ պարզապես արհամարհանք ժամանակակից քաղաքակրթության արժեքների նկատմամբ, կարծում եմ, միջազգային հանրությունը և հայկական սփյուռքը այլևս պետք է հետամուտ լինեն նոր ռազմավարության: Աշխարհի շատ առաջատար երկրներ արդեն իսկ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այս երկրներում ապրող մեր հայրենակիցները կարող են հպարտությամբ հռչակել իրենց հաղթանակը, և այդ հպարտությամբ կարող ենք աշխատել այդ երկրների հետ նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ»:

«Արդի աշխարհի փոփոխությունների համատեքստում մենք պետք է նորովի դիտարկենք մեր սփյուռքի «փափուկ ուժը» և հանրային դիվանագիտության կարողությունները՝ պաշտոնական դիվանագիտությունը առավել զորացնելու համար: Հայաստանի նորընտիր Ազգային ժողովին ուղղված իմ ուղերձում արդեն ներկայացրել եմ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրման կարևորությունը, որը, անշուշտ, ավելի զորեղ կդառնա սփյուռքի անհատների և կառույցների աջակցությամբ», - նշեց Սերժ Սարգսյանը, վստահություն հայտնելով, որ «սփյուռքի և հայրենիքի ներուժի շարունակական բացահայտման ջանքերը նոր լիցք կստանան Համահայկական խորհրդի ձևավորմամբ»․ - «Այս համաժողովը նշանավորվում է նաև այդ Խորհրդի ձևավորմանն ուղղված ևս մեկ որոշիչ քայլով: Այսօր մենք ի մի կբերենք նախորդ երկու տարիներին կատարված նախապատրաստական աշխատանքները և 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում կընդունենք վերջնական որոշում»:

«Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է»

Նշելով, որ «սփյուռքի բոլոր շերտերի հետ փոխադարձ ներգրավվածությունը քաջալերելը, սփյուռքում հայապահպանությանն աջակցելը, արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին, հատկապես սիրիահայությանը հնարավորինս աջակցության տրամադրելը և համակարգումը եղել է պետական քաղաքականության առանցքում, անկախության 26 տարիների ընթացքում մեր գործարար համայնքի ներկայացուցիչները բազում նվիրատվություններ և բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում», Հայաստանի նախագահը շարունակեց․ - «Հիմա մենք ասում ենք, որ մի քայլ առաջ պետք է անենք և դեպի Հայաստան դարձնենք նաև Սփյուռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարությամբ զբաղվել և շահույթ ստանալ՝ զուգահեռաբար շենացնելով մեր երկիրը, աշխատատեղեր ստեղծելով, աջակցելով սոցիալական կապիտալի զարգացմանը և ի վերջո՝ հայրենադարձությանը: Այդպիսի ոգևորիչ բազմաթիվ օրինակներ մենք արդեն ունենք այսօր»:

Դրա համար, հավաստիացրեց նա, Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները և ներդրումային միջավայրը: «Սփյուռքահայ մեր քույրերի ու եղբայրների ներգրավումը թույլ կտա նաև հարստացնել ու զարգացնել մեր հայաստանյան գործարար մշակույթը, կբարձրացնի երկրի գրավչությունը արտաքին շուկաների համար, ընկալելիությունը աշխարհում, կբազմապատկի մեր հարստությունը: Կառավարությունը բոլոր բիզնես ծրագրերին, անկախ ներդրումային ծավալից, ամենայն աջակցություն ցուցաբերելու հանձնառություն է ստանձնել», - վստահեցրեց Սարգսյանը:

«Ոտքերի վրա ամուր կանգնած մեր հայրենիքը այսօր ուժ և կամք ունի վերջապես մշակելու Հայաստան-սփյուռք հարաբերությունների ռազմավարական զարգացման հայեցակարգը: Այն դաշտը, որի վրա մենք պետք է կառուցենք Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը՝ ուժեղ և զարգացած Հայաստան, անկախ և անվտանգ Արցախ, Սփյուռքի կազմակերպված համայնքներ ունենալու տեսլականն է՝ հայկականության ոգով, եռանդով և հային բնորոշ մտքի թռիչքով», - նշեց Հայաստանի նախագահը՝ ընդգծելով․ - «Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ քաղաքական և այլ կողմնորոշումներից: Մենք ճանաչում և արժևորում ենք սփյուռքն իր բազմաշերտ էության մեջ»:

«Հայաստանը լինելու է աշխարհին լիարժեք ինտեգրված, ուժեղ, զարգացած ու հպարտ երկիր: Սա է մեր տեսլականը», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG