Մատչելիության հղումներ

Թուրքիան և Իրանը՝ ընդդեմ Քուրդիստանի անկախության հանրաքվեի


Տարածաշրջանի պետությունները մեկը մյուսի հետևից միանում են Միացյալ Նահանգների կոչին` հորդորելով իրաքյան Քուրդիստանի իշխանություններին վերանայել սեպտեմբերի 25-ին անկախություն հանրաքվե անցկացնելու որոշումը և ուղղակի բանակցություններ սկսել Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ:

Կիրակի օրը մի շարք կոշտ հայտարարություններով հանդես եկավ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Ալի Շամհանին: «Մենք ճանաչում ենք միայն այն համաձայնագրերը, որ ստորագրվել են Բաղդադի հետ: Հանրաքվեի արդյունքում քրդական երկրամասի անջատումն Իրաքից կհանգեցնի այդ կազմավորման հետ ռազմական և անվտանգության ասպարեզներում կնքված բոլոր համաձայնագրերի չեղարկմանը, ինչպես նաև Իրանի հետ սահմանային անցակետերի փակմանը», - հայտարարում էր իրանցի պաշտոնյան:

Իրաքի քրդական շրջանների հնարավոր անկախացմանը կտրականապես դեմ է նաև Թուրքիայի կառավարությունը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շաբաթ օրը հայտարարեց, որ Անկարան իրաքցի քրդերի կազմակերպած հանրաքվեն դիտարկում է որպես ազգային անվտանգությանն առնչվող կարևորագույն խնդիր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը` Նյու Յորք մեկնելուց առաջ, նույնպես խստորեն քննադատեց իրաքցի քրդերի այս քայլը` կոչ անելով նրանց հրաժարվել անկախ պետություն հռչակելու մտադրությունից:

«Մենք պատրաստվում ենք այս հարցը քննարկել Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, որը նախապես ծրագրվում էր անցկացնել սեպտեմբերի 27-ին, սակայն մենք այն տեղափոխեցինք սեպտեմբերի 22-ին: Նույն օրը մենք նաև կառավարության նիստ կհրավիրենք, որի ընթացքում կքննարկենք մեր մոտեցումն ու որոշում կկայացնենք: Թուրքիան կհրապարակի իր հստակ տեսակետը [քրդական հանրաքվեի վերաբերյալ]: Այս թեման կլինի նաև իմ և Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի առաջիկա հանդիպման օրակարգում», - հայտարարում էր Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները հանդիպելու են Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի ընթացքում: Էրդողանը Նյու Յորքում նախատեսում է նաև հանդիպել Իրաքի ղեկավարների հետ` կրկին քննարկելով սեպտեմբերի 25-ին կայանալիք հանրաքվեի հարցը:

«Միացյալ Նահանգներում մենք կհանդիպենք նաև Իրաքի վարչապետ Աբադիի հետ, և ըստ ամենայնի՝ մեր նպատակները համընկնում են: Մենք ցանկանում ենք խուսափել Իրաքի մասնատումից: Բայց Հյուսիսային Իրաքի իշխանությունները այժմ այնպիսի քայլեր են ձեռնարկում, որոնք ի վերջո հանգեցնելու են այդ շրջանների` Իրաքից անջատմանը», - ասում էր Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG