Մատչելիության հղումներ

Թուրքիայի դպրոցական կրթական ծրագրից հանվելու է էվոլյուցիայի տեսությունը


Թուրքիան լայնածավալ փոփոխություններ է նախաձեռնել երկրի կրթական համակարգում: Փոփոխության են ենթարկվելու դպրոցական ծրագրի ավելի քան 170 թեմաներ, այդ թվում` դպրոցական կենսաբանության ծրագրից հանվելու են էվոլյուցիային առնչվող բոլոր հիշատակումները:

Առաջարկվող փոփոխությունները հարուցել են ընդդիմադիրների և մտավորականների դժգոհությունը: Քննադատները պնդում են, որ իշխանությունները փորձում են Թուրքիայում կրթությունը հարմարեցնել Կառավարության պահպանողական, իսլամիստական քաղաքականությանը:

Թուրքիայի կրթության նախարար Իսմետ Յիլմիզը, մինչդեռ, պնդել է, որ նոր` «արժեքների վրա հիմնված» ծրագիրը «համապատասխանեցվում է աշակերտների զարգացմանը»: Նա հավելել է, որ էվոլյուցիոն կենսաբանությունը չափազանց բարդ թեմա է դպրոցահասակ երեխաների համար և այն կդասավանդվի միայն բարձրագույն ուսումնական հասատատություններում:

Կրթական ոլորտի այլ փոփոխությունների շարքում են ջիհադի` սրբազան պատերազմի մասին ուսուցումը, միևնույն ժամանակ` կրթական ծրագրում նվազեցվելու է թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դերը: Աթաթուրքը ժամանակին շեշտադրում էր պետության և կրոնի տարանջատման, աշխարհիկ պետություն կառուցելու կարևորությունը, մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը քննադատում է այս մոտեցումը և հանդես գալիս պետության մեջ կրոնի դերի բարձրացման դիրքերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG