Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրանին» համակարգային փոփոխություններին միտված գործողություններ է սկսում


«Երկիր Ծիրանի» կուսակցությունը սկսում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, 21-ը ապրիլի, 2017 թ․
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը սկսում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, 21-ը ապրիլի, 2017 թ․

Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ուղերձ է հրապարակելու, որից հետո անցնելու է կոնկրետ գործողությունների։ «Ազատության» հետ զրույցում Փոստանջյանն ասաց, որ այդ գործողություններն ուղղված են լինելու «համակարգային փոփոխություններին»: Ընդդիմադիր այս կուսակցության նախաձեռնությունը միայն իշխանափոխություն անվանելը քիչ է, քանի որ նպատակը ոչ թե գործող պաշտոնյաներին այլ մարդկանցով փոխարինելն է, այլ համակարգի փոփոխությունը, ճգրտում է Փոստանջյանը:

«Մենք հրապարակելու ենք հիմնական փաստաթուղթ, որով մեղադրում ենք գործող համակարգին, գործող իշխանություններին: Դրանից հետո, այո, նաև սկսում ենք մյուս բոլոր գործողությունները»,- ասաց «Երկիր Ծիրանիի» ղեկավարը, հավելելով՝ կուսակցության ուղերձը հրապարակելուց հետո նաև մարզեր են մեկնելու՝ «ժողովրդի հետ հանդիպելու համար»։ Նպատակը «քարոզելն է, ծրագիրը, գաղափարախոսությունը փոխանցելը», նաև «հանրությանն ապագա փոփոխություններին» նախապատրաստելը:

Փոստանջյանի խոսքով՝ իրենք քաղաքացիներին ոչ թե հույս են տալու, այլ այնպես են անելու, որ քաղաքացին «ինքն իրեն հավատա և մասնակցի գործընթացին», քանի որ «իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ «Եթե մենք ուզում ենք, որ տեղի ունենա հեղափոխություն և շարժումը կրի հեղափոխական բնույթ, դա ինքնաբուխ պետք է տեղի ունենա, այլ ոչ թե ինչ-որ մարդկանց հրավերի ներքո»:

Փոստանջյանը շեշտեց՝ իրենք հրապարակային են գործելու և բոլոր քայլերի մասին հանրությանը տեղյակ են պահելու։ Ընդդիմադիր այլ ուժերի հետ չեն համագործակցի, այդ դաշտում գործընկերներ չունեն: Փոխարենն այս պայքարում կարևորում են Սփյուռքի մասնակցությունը։ Նախկին պատգամավորի խոսքով՝ ամեն ինչ անելու են, որպեսզի հասցնեն ծրագրված քայլերն իրականացնել մինչև 2018 թվականը՝ երբ կլրանա Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, և Հայաստանն անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ կարևորը ոչ թե կառավարման մոդելն է, այլ դրա՝ ժողովրդավար լինելը։ Իշխանափոխությունից հետո, ըստ «Երկիր Ծիրանիի» ղեկավարի, ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն, հետո էլ կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG