Լրացել է վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության մեկ տարին: Պաշտոնը ստանձնելիս, Կարապետյանը հայտարարում էր հետևյալ չորս ուղղություններով կատարվելիք քայլերի մասին՝ ներդրումների ակտիվացում, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծում, կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական աճի ապահովում:
Կենտրոնը ստեղծված է, տնտեսության որոշակի ակտիվացում առկա է, սակայն կոռուպցիայի դեմ իրական պայքարի և ներդրումների ակտիվացման առումով հարցականներ կան: «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի այսօրվա թողարկումն առավելապես նվիրված է հետևյալ հարցին՝ որքանո՞վ են կյանքի կոչվել ներդրումների մասին խոստումները: Քննարկման մասնակիցներն են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը և «Հայ ազգային կոնգրեսի» տնտեսական հանձնախմբի ղեկավար, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից վերջերս ներկայացված տվյալների համաձայն, ներդրումների մասին վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումն արդեն մոտ 40 տոկոսով իրագործվել է՝ այս ընթացքում արդեն իսկ կատարվել են 1 միլիարդ դոլարի ներդրումներ: Վահագն Լալայանի խոսքով՝ երբևէ որևէ մեկը չի հայտարարել, թե վարչապետի` 830 միլիոն դոլարի ներդրումների մասին խոստումը վերաբերում է միայն օտարերկրյա ներդրումներին:
«Խոսքը ներդրումային ծրագրերի մասին է եղել, որոնք հավասարապես կարող են լինել և՛ պետական (այդ թվում՝ վարկային և դրամաշնորհային միջոցներով), և՛ զուտ մասնավոր ներդրումային ծրագրեր, որոնք կառավարության կողմից որոշակի աջակցություն են ստացել»,- ասում է նախարարության ներկայացուցիչը, ընգծելով՝ նախարարությունն իր հաշվարկները կատարելիս հատուկ մեթոդաբանություն չի կիրառել, այլ ընդամենը ներկայացրել է առկա ներդրումային ծրագրերի հանրագումարը:
Վահագն Խաչատրյանն առարկում է՝ ներդրումների իրական ծավալը գնահատելու համար մշտապես եղել է բոլոր տնտեսագետների, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների կողմից ընդունված մեթոդաբանություն՝ դա ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությամբ կատարվող հաշվարկն է: Այդ տեսանկյունից, ըստ Խաչատրյանի, նեդրումների մասին վարչապետի խոստումը չի կատարվել: Բացի այդ, տնտեսագետի պնդմամբ՝ կատարված ներդրումների մասին կառավարության ներկայացրած տեղեկանքի մեջ բազմաթիվ վիճելի պահեր կան:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում