Մատչելիության հղումներ

«Ճարտարապետական գործունեության մասին» օրինագիծը տարակարծություններ է առաջացրել


Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ձևակերպմամբ՝ այս շաբաթ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Ճարտարապետական գործունեության մասին» օրինագծի «նպատակը բարի է»:

Օրինագիծը ենթադրում է Ճարտարապետների միության հիմքի վրա ստեղծել պալատ, որը լիազորված կլինի նաև արտոնագիր տալ ճարտարապետներին: Ներկայումս գործող կարգով լիցենզիան տրվում է կազմակերպություններին, և ճարտարապետական գործունեության իրավունքը չի նախատեսում համապատասխան մասնագիտական որակավորման պահանջ:

Բացի արտոնագիր տալու և արտոնագրից զրկելու լիազորություններից, պալատը մշակելու է նաև ճարտարապետների մասնագիտական էթիկայի և վարվեցողության կանոնները, հսկելու է, որ անդամներն այդ կանոնները պահպանեն, ներկայացնելու և պաշտպանելու է իր անդամների իրավունքները թե՛ պետության, թե՛ մասնավորի հետ փոխհարաբերություններում:

Ըստ Նարեկ Սարգսյանի, այս մոդելը գործում է զարգացած երկրներում և միտված է ճարտարապետների դերն ու պատասխանատվությունը բարձրացնելուն․ - «Որովհետև շատ դեպքերում նրանք ճնշումների տակ են, իրենց սկզբունքներին դեմ գնալով նախագծում են մի բան, որ պատվիրատուն է ուզում: Արդյունքը լինում է այն, ինչ ունենք: Այսինքն, սրա նպատակը շատ բարի է»:

Նրա խոսքով՝ արտոնագրի կարիք կունենան բարդ շինություններ նախագծող ճարտապետները, մինչդեռ, օրինակ, մինչև երեք հարկ ունեցող տներ կարող են նախագծել նաև արտոնագիր չունեցողները:

Բացի այդ, արդեն գործող բոլոր մասնագետները օրենսդրական փոփոխություններն ընդունվելու և ուժի մեջ մտնելու դեպքում մեխանիկորեն արտոնագիր կստանան․ - «Անցումային դրույթներում կստանան բոլորը արտոնագիր»:

Պալատը կարող է ճարտարապետի արտոնագիրը կասեցնել՝ եթե նա 5 տարի չի զբաղվել մասնագիտական գործունեությամբ, այդ ընթացքում չի վերապատրաստվել, ինչպես նաև չի վճարել սահմանված տարեկան անդամավճարը: Ճարտարապետի արտոնագրի գործողությունը կարող է դադարեցվել նաև՝ եթե նա մեկ տարվա ընթացքում երեք անգամ կարգապահական տույժի ենթարկվի:

Նարեկ Սարգսյանը բացառեց, որ արտոնագիր տալ տալ-չտալու հարցը կարող է դառնալ ընդդիմախոսներին պատժելու գործիք․ - «Այդպիսի հարցը, բնականաբար, կյանքի իրավունք ունի՝ դատելով այն վիճակից, որ կա: Բայց ես Ձեզ հավաստիացնում եմ, որ մեր մասնագիտությունը բացարձակ այլ մասնագիտություն է»:

Սարհատ Պետրոսյանը Ճարտարապետների միության վարչության միակ անդամն է, որ միությունում օրինագծի քննարկումների ժամանակ դեմ է քվեարկել: Ասում է, որ արտոնագրման գաղափարին կողմ է, անգամ տարիներ առաջ ինքն է նման օրինագիծ ներկայացրել, սակայն այս մեկում բացակայում են շատ կարևոր և առանցքային կետեր, որոնք կբացառեն շահերի բախումը և թույլ չեն տա, որ գործող ճարտարապետը նաև քաղաքաշինական նախագծեր հաստատող պաշտոնյա լինի․ - «Այսօրվա քաղաքաշինական խնդիրների մեծ մասը էդտեղ ա թաքնված, որ կան ճարտարապետներ, որոնք քաղծառայող են կամ համայնքային ծառայող են և իրենց շահերի բախման պայմաններում որոշում ընդունող են և կարողանում են, այսպես ասած, դիստրիբուցիա կատարել պատվերների և որոշումների»:

Թեև ըստ Նարեկ Սարգսյանի, պալատը պետք է ծառայողական քննություն սկսի այն դեպքերում, երբ ճարտարապետ պաշտոնյան ինքն իր նախագիծը կհաստատի, սակայն Սարհատ Պետրոսյանի խոսքով, առաջին ընթերցմամբ ընդունված օրենքում իր մատնանշած ռիսկերը պահպանվում են․ - «Ես ունեմ մտահոգություններ: Չնայած գաղափարները ողջունողներից մեկը ես եմ եղել, բայց, ինչպես միշտ, շատ լավ գաղափարը տրանսֆորմացվում ա և օգտագործվում ա ինչ-որ մի նպատակների համար, որի մեջ ռիսկեր կան: Սա ամենևին չի նշանակում, որ ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ այդպես լինելու ա, բայց մենք տեսնում ենք ռիսկերը, մենք բարձրաձայնում ենք դրանք»:

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը համամիտ է՝ պետք է ճարտարապետին արտոնագրող մեկ մարմինը լինի, սակայն, ըստ նրա, առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծում անորոշությունները շատ են․ - «Մենք չունենք վստահություն մեր ընտրական համակարգին: Վերջիվերջո ովքե՞ր են լինելու այդ որոշում կայացնողները: Ամբողջ աշխարհում կա մասնագիտական էթիկայի խնդիրը, բայց մեր օրենքում շատ անորոշ ա, և հետո են գրվելու էդ կետերը: Ես վախենում եմ, օրինակ, ինչ-որ պաշտոնյայի քննադատելը կարող ա դիտարկվի որպես էթիկայի խախտում և կիրառեն արտոնագրից զրկելը՝ որպես պատիժ: Որտեղ է սահմանը, որ դա չի լինելու: Ճիշտ է նման օրենք ընդունելը, բայց դա պիտի շատ հստակ լինի և շատ պարզ: Ոչ թե այս կոնկրետ օրենքը: Ընդհանրապես մենք խնդիր ունենք ճարտարապետի դերը փոխելու հասարակության մոտ՝ հա՛մ պատասխանատվությունը մեծացնելու, մյուս կողմից էլ հեղինակությունը մեծացնելու: Որովհետև էսօրվա օրով ճարտարապետներին դարձրել են փաստորեն սպասարկող ոլորտի աշխատող: Իսկ դա այդպես չպիտի լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG