Մատչելիության հղումներ

Երևանում բացվեց Այվազովսկու կյանքին ու ստեղծագործությանը նվիրված երկօրյա միջազգային գիտաժողով


Աշխարհահռչակ մեր հայրենակից Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսներ վերջին մեկ տարվա ընթացքում բացվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, նրա ծննդավայր Թեոդոսիայում, Կիևում: Երեկ ծովանկարչի հոբելյանական ցուցահանդեսը բացվեց Ազգային պատկերասրահում, որտեղ էլ այսօր սկսվեց Այվազովսկու կյանքին ու ստեղծագործությանը նվիրված երկօրյա միջազգային գիտաժողովը:

Մասնակցում են մի քանի երկրից ժամանած մոտ երեք տասնյակ արվեստաբաններ, և, ինչպես նշում է գիտաժողովի համադրող, Ազգային պատկերասրահի գրաֆիկայի բաժնի վարիչ Մարինա Հակոբյանը, նմանօրինակ գիտաժողով երբեք որևէ տեղ չի անցկացվել․ - «Առաջին անգամ Այվազովսկու թեմայի շուրջ հավաքվում են այսքան մասնագետներ, արտերկրյա գործընկերներ: Ունենք նաև հավաքածուատերեր, որոնք իրենց մասնավոր հավաքածուները կներկայացնեն, ունենք արվեստի շուկան ուսումնասիրող փորձագետներ: Ունենք հյուրեր Լոնդոնից, Միացյալ Նահանգներից: Թեմատիկ բավականին լայն ընդգրկում ունենք»:

Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի խոսքով, նախաձեռնելով նման ծավալի ցուցահանդես, անհնար էր չօգտվել առիթից և չկազմակերպել այս գիտաժողովը, որտեղ տարբեր երկրներից ժամանած արվեստաբաններն ամենատարբեր տեսանկյուններից վերլուծական ուսումնասիրություններ են ներկայացնում Այվազովսկու ստեղծագործական ժառանգության մասին․ - «Ես չեմ բաժանում ցուցահանդեսն ու գիտաժողովը, որովհետև ես ընդհանուր եմ դիտարկում այդ միջոցառումները: Երկուսն էլ մեզ համար չափազանց կարևոր են: Այս տեսակ մեծ գիտաժողով միջազգային երբեք չի կազմակերպվել»:

Երկօրյա գիտաժողովը կրում է «Ծովանկարչության սահմանները» խորագիրը, թեև Արման Ծատուրյանի համոզմամբ, ծովանկարչությունը սահմաններ չի ճանաչում․ - «Այս գիտաժողովի բուն նպատակն է բացահայտել այդ սահմանները, ցույց տալ, որ ծովանկարչությունը, ու ընդհանրապես նկարչությունը սահմաններ չունի: Բոլորը ընկալում են Հովհաննես Այվազովսկուն որպես ծովանկարիչ, բայց ինքը առաջին հերթին լավ նկարիչ է, տաղանդավոր, մեծանուն նկարիչ է, որը միայն ծով չէր նկարում: Այցելուն հնարավորություն կունենա տեսնել իր գրաֆիկական աշխատանքները, որոնք չեն ցուցադրվում մշտական էքսպոզիցիայում, իր ճեպանկարները Իտալիայից, իր հոյակապ գրաֆիկական պորտրետները, բնապատկերները: Առաջին անգամ ցուցադրության մեխն է «Քաոս․ աշխարհի արարում» կտավը, որը 120-130 տարվա մեջ երկու անգամ է ընդամենը դուրս եկել Մխիթարյան միաբանության սահմաններից»:

Անցյալ տարի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսին Հայաստանի ազգային պատկերասրահը մեծ թվով կտավներ էր տրամադրել: «Ազատության» հարցին, թե արդյոք այս ցուցահանդեսում տեղ են գտել այլ երկրների հավաքածուներից կտավներ, Ծատուրյանն ասաց․ - «Ցուցահանդեսին մասնակցում է Էջմիածնի թանգարանը, որից բերվել է երկու աշխատանք, Հայաստանի պատմության թանգարանը, Գրականության և արվեստի թանգարանը և Ազգային արխիվը: Եվ Մխիթարյան միաբանությունը: Ռուսաստանի Դաշնությունից աշխատանքներ չեն բերվել, որովհետև նրանց բոլորը ցուցահանդեսներ էին անում Այվազովսկուն նվիրված․․․ Շատ հետաքրքիր ինտերակտիվ ծրագրեր կան, ինտերակտիվ քարտեզ է ստեղծվել՝ աշխարհի քարտեղ, որտեղ որ ստեղծագործել է և ճանապարհորդել է Այվազովսկին: Մեր կրթական բաժինը մշակել է խաղ-էքսկուրսիաներ երեխաների համար»:

Տարբեր քաղաքներում բացված Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսները միլիոնից ավելի այցելուներ ունեցել: Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հույս ունի, որ այս հոբելյանական ցուցահանդեսը ևս 5 ամիս շարունակ մեծ ուշադրության կարժանանա թե՛ մեր հայրենալկիցների, թե՛ Հայաստան այցելող զբոսաշրջիկների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG