Մատչելիության հղումներ

Վահրամ Բաղդասարյան․ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը մերժված նախագիծ է


Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող Հանրապետական խմբակցության ղեկավարը նման հայտարարություն արեց այսօր լրագրողների հետ զրույցում:

Բաղդասարյանի խոսքով՝ այդ մասին գիտի նաև նախագիծը հեղինակած «Ելք» խմբակցությունը։

Մի քանի օր առաջ «Ելք»-ը ներկայացրել էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պայմանագրի գործողությունը դադարեցնելուն վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ: Ընդդիմադիրների կարծիքով, ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար շահեկան չէ․ դաշինքին միանալու արդյունքում էական հետընթաց է արձանագրվել սոցիալ-տնտեսական ոլորտներում, չի ամրապնդվել Հայաստանի անվտանգությունը: ԵԱՏՄ-ի այլընտրանքը, ըստ «Ելք»-ի, Եվրամիության հետ համագործակցությունն է ասոցացման համաձայնագրի շրջանակներում։

«Շատ ներողություն եմ խնդրում, սա շոուի կարգավիճակի մի բան է, պարզապես հերթապահ ձևով դրել են, որպեսզի հայտնեն իրենց նվիրվածությունը Արևմուտքին», - այսօր պնդեց Վահրամ Բաղդասարյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ «Ելք»֊ի համար անընդունելի է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը վարչապետի պաշտոնում: Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրենք պատրաստ են ամեն ինչ անել՝ կանխելու նման զարգացումը, բայցև հավելեց, որ գործելու են այն լիազորությունների շրջանակներում, որ իրենց կտա ժողովուրդը․ - «Այսօր մենք խոսում ենք 122 հազար 65 քաղաքացու անունից: Երբ որ կպարզվի, որ 500, 600, 700 հազար մարդ մեզ թույլ է տալիս խոսել իր անունից, ես ձեզ երաշխավորում եմ, որ այդ քաղաքացիների կամքը կդառնա քաղաքական իրողություն»:

«Ելք» խմբակցության ղեկավարի խոսքով, փոփոխված Սահմանադրությամբ իշխանափոխություն անելն ավելի հեշտ է․ - «Եթե կա ժողովուրդ, որ ուզում է անել էդ իշխանափոխությունը, և եթե կա քաղաքական ուժ, որը պատրաստ է ժողովրդի կամքը վերածել քաղաքական իրողության, էս Սահմանադրությամբ շատ ավելի հաշտ է դա իրականացնել: Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ այդպիսի քաղաքական ուժ գոյություն ունի»:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ճեպազրույցների համար հատկացված ժամանակի մոտ կեսն այսօր օգտագործեց ապացուցելու համար, որ իրենք ընդդիմություն են: Լրագրողներից մեկը նրան հարց ուղղեց․ - «Կան տեղեկություններ, որ դուք ընդդիմադիր խմբակցություն եք: Քաղաքական ո՞ր ուժին, քաղաքական ո՞ր արարքին եք դուք ընդդիմադիր՝ եթե դուք Սերժ Սարգսյանին չեք քննադատում, իսկ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ Կարեն Կարապետյանն իր ընկերն է»:

Էնֆիաջյանի պատասխանը․ - «Երբևիցե ո՛չ անձի, ո՛չ էլ երևույթների հետ կապված մենք քննադատությամբ զբաղվելը ինքնանպատակ չենք համարել և նման զբաղմունքով չենք զբաղվել: Միջանձնային հարաբերությունները քաղաքական դրսևորումների և մոտեցումների հետ այդքան էլ չեն առերեսվում»:

Անդրադառնալով «Վերնիսաժի» հարևանությամբ երեկ կատարված սպանության դեպքին՝ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե այդ կրակոցները «ներհանրապետական ռազբորկայի» արդյունք են․ - «Երեկվա կրակոցները կապ ունեն Ալավերդու քաղաքապետի նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների հետ: Դա ներհանրապետական ռազբորկա է, որի դրսևորումներ, ցավոք սրտի, մենք առաջիկայում նույնպես կարող ենք ունենալ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահմար Բաղդասարյանի կարծիքով, երեկվա դեպքերը չեն կարող կապ ունենալ ընտրությունների հետ․ - «Ես այնտեղ քվեարկվել եմ Լոռու մարզում և բնականաբար պետք է տեսած լինեի այն մարդկանց, որոնք ակտիվություն են ցուցաբերել ընտրությունների ժամանակ: Ես որևէ մեկին չեմ ֆիքսել, որևէ մեկի անունը չեմ լսել ընտրություններին իրենց մասնակցության հետ կապված»:

Իշխող կոալիցիայի անդամներ Հանրապետականն ու Դաշնակցությունը չեն բացառում, որ Վերնիսաժի երեկվա դեպքը կենցաղային բնույթ է ունեցել:

​Դաշնակցական Արմեն Ռուստամյանի կարծիքով, Հայաստանում համատարած կրիմինալիզացիա չկա: Իրավիճակը վտանգավոր չի գնահատում նաև Վահրամ Բաղդասարյանը․ Հայաստանը, ըստ նրա, ամենաանվտանգ երկրներից է, ուստի ոստիկանապետի փոփոխության անհրաժեշտություն չեն տեսնում․ - «Դա ցանկալի երևույթ չէ, պետք է բացառել: Բայց ինչ մնում է, որ մեկ-երկու դեպքի հետ կապված մենք մտածենք համակարգային փոփոխության կամ անձերի փոփոխության․․․»:

Փաշինյանը պնդեց․ - «Կրիմինալիզացիա և հանրապետականիզացիա բառերը հոմանիշներ են»:

Իսկ իրեն ընդդիմություն համարող «Ծառուկյան» դաշինքը կպահանջի՞ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը: Վահե Էնֆիաջյան․ - «Որևիցե խնդիր և խոչընդոտ չեն տեսնում ըստ անհրաժեշտության, եթե գտնենք, որ հասունացել է պահը և իրավիճակը անկառավարելի է, նմանատիպ ձևակերպումներով հանդես գալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG