Սիրիական հարցով Ռուսաստանի բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը Աստանայում ընթացող բանակցությունների ժամանակ երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան շատ մոտ են Սիրիայում 4-րդ ապառազմականացված գոտին ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: Այս գոտին կկենտրոնացվի Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգի շուրջ, Թուրքիայի սահմանի մոտ:
Ավելի վաղ երեք ապառազմականացված գոտի է հաստատվել Սիրիայում, որտեղ նվազել է բռնությունների թիվը:
Սիրիական պատերազմի անցած 6․5 տարիների ընթացքում, տարբեր գնահատականներով, շուրջ 330 հազար մարդ է զոհվել:
Երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում վերսկսվել են Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախաձեռնությամբ անցկացվող բանակցությունները:
Աստանայի գործընթացին զուգահեռ Ժնևում անցկացվում են Սիրիայի հարցով առանձին բանակցություններ: