Մատչելիության հղումներ

«Ելք»-ի առաջարկի նպատակը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանքների շուրջ քննարկում ծավալելն է


«Ելք» խմբակցությունն առաջարկում է Ազգային ժողովում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը, ըստ ընդդիմադիրների, եզրակացություն կներկայացնի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության օգուտների և վնասների մասին։

Մի քանի օր առաջ «Ելք»-ը ներկայացրել էր ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելուն վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ: Ըստ նրանց, ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար շահեկան չէ․ դաշինքին միանալու արդյունքում էական հետընթաց է արձանագրվել սոցիալ-տնտեսական ոլորտներում, չի ամրապնդվել Հայաստանի անվտանգությունը, ինչպես պնդում էին իշխանության ներկայացուցիչները:

ԵԱՏՄ-ի այլընտրանքը, «Ելք»-ի կարծիքով, Եվրամիության հետ համագործակցությունն է ասոցացման համաձայնագրի շրջանակներում։

Պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով՝ իրենց նպատակը քննարկում ծավալելն է․ - «Սա ինչո՞ւ է կարևոր: Որպեսզի հանրությունը տեսնի․․․ ապացուցվի։ Հենց հանրության մասին է խոսքը, որովհետև մեզ համար այստեղ երկրորդ կարծիք չկա: Մենք տեսնում ենք, որ հանրության սատարումը շատ կարևոր է այս հարցում: Եվ այն ժամանակ, երբ միացանք ԵԱՏՄ-ին, հանրությունը առհասարակ իներտ էր, և դրա պատճառը նաև այն էր, որ որևէ կերպ հանրությունը տեղեկացված չէր, թե ինչից զրկվեցինք մենք»:

Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար 9 հոգանոց «Ելք» խմբակցությանն անհրաժեշտ կլինեն խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետականի ձայները։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ խմբակցությունը դեռ կանդրադառնա «Ելք»-ի առաջարկին, բայց բոլոր քննարկումները, նրա կարծիքով, միայն կապացուցեն ԵԱՏՄ անդամակցության դրական կողմերը:

Իշխող Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մի քանի օր առաջ հայտարարել է, թե «տեսանելի ապագայում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չի գա»:

«Այն կարծիքին չեմ, որ եվրոպական ասոցացման դեպքում տնտեսական աճը շատ ավելի արագ էր լինելու: Ես համոզված եմ, որ այն գործընթացները, որ իրականացվում են թե՛ մաքսային, թե՛ հարկային, թե՛ ներդրումային դաշտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ մեր երկրում, դրանք իրենց անպայման տնտեսական դրական արդյունքները կունենան», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Գագիկ Մելիքյանը:

Դիտարկմանը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցում է արդեն երկու տարի, ու հարցին, թե որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մարդիկ իրենց վրա զգան այդ դրական արդյունքները, Մելիքյանն արձագանքեց․ - «Ես ընդամենը մի բան խնդրեմ բոլորիս՝ չմոռանալ, որ մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք: Իսկ սա մեզ վրա լուրջ ազդեցություն ունենում է, մեր տնտեսության առաջընթացի վրա լուրջ ազդեցություն է ունենում»:

Ռուսաստանի նախաձեռնած միությունից դուրս գալուն կտրականապես դեմ է Հանրապետականի գործընկեր Դաշնակցությունը:

«Սրանով մենք ինքներս ենք հրահրում էդ հարցը՝ կամ-կամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: - «Մենք ունենք մի պրոցես, որ ԵԱՏՄ-ով է ընթանում, ունենք ԵՄ ասոցացման գործընթացը, որ նոյեմբերին պետք է ստորագրվի․․․ հենց դրա նախաշեմին էսպիսի հարց բարձրացնելը կարող է վտանգի նաև մյուս պրոցեսը: Եթե մենք ունենք հնարավորություն և-և ճանապարհով գնալ, ինչո՞ւ ենք մենք ինքներս որոշել, որ սա հակադրվող է, և մեր շահերից չի բխում»:

Այդուհանդերձ, ըստ Ռուստամյանի, «ԵԼք»-ի նախաձեռնությունը դրական կողմ էլ ունի․ - «Թույլ է տալիս էս հարցը նորից քննարկել: Մի հատ գնահատել՝ ուր ենք հասել, ինչպիսի բացթողումներ ունենք, որ չենք կարողացել իրացնել: Եվ էս բանավեճը տեղի ունենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG