Մատչելիության հղումներ

Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը շարունակում է խիստ անորոշ մնալ


Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, արխիվ
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, արխիվ

Պոլսո հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի շուրջ անորոշությունը պահպանվում է: Թուրքական պատկան մարմինները դեռ չեն հաստատել նոր պատրիարքի ընտրությունների անցկացման ամսաթիվը:

Օրերս պատրիարքարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը բարձրաստիճան հոգևորականների, ընտրության գործընթացը համակարգող նախաձեռնող խմբի ներկայացուցիչների և համայնքային գործիչների հետ քննարկել է նոր պատրիարքի ընտրության հարցի շուրջ վերջին ամիսների զարգացումներն ու խոչընդոտող հանգամանքները։

Պատրիարքարանի ժողովի մանրամասներին անդրադարձել են Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» և «Ակօս» պարբերականները՝ հաղորդելով, որ հանդիպումը բավական լարված մթնոլորտում է անցել։ Օգոստոսի սկզբին պատրիարքական ընտրությունները նախաձեռնող խումբը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ առաջարկելով նոր պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրությունն անցկացնել դեկտեմբերի 10-ին, իսկ պատրիարքի ընտրությունները՝ դեկտեմբերի 13-ին:

Թուրքական պատկան մարմիններն առայժմ չեն պատասխանել այս դիմումին, և այժմ համայնքում մտավախություն կա, որ պետությունը մտադիր չէ արտոնել նոր պատրիարքի ընտրությունները, ինչը կարող է վիժեցնել ամիսներ շարունակվող գործընթացը։ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ դիմումի պատասխանին սպասելու են ևս մեկ ամիս։

Օգոստոսի 30-ին հաղթանակի օրվա առիթով Անկարայում կայացած պաշտոնական ընդունելությանը, ի տարբերություն մյուս կրոնական համայնքների, հայոց պատրիարքարանը հրավեր չէր ստացել։ «Ժամանակ» թերթը գրում է՝ համայնքային որոշ շրջանակներ համոզված են՝ պատրիարքական աթոռի անտեսման հանգամանքը ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունները պաշտոնապես չեն ճանաչում տեղապահին։ Արա Գոչունյանի խոսքով՝ պետությունը նման հայտարարություն չի արել, սակայն կա մեկ մտավախություն, որ իշխանությունները նախաձեռնող խմբի լուծարումն են ցանկանում, չնայած՝ տեղապահ Բեքչյանը գոհ է խմբի աշխատանքից։ Ըստ Գոչունյանի, համայնքում այժմ սպասողական ու անորոշ վիճակ է։

«Եթե Ստամբուլի նահանգապետարանը մերժի կամ անպատասխան թողնի նախաձեռնող խմբի դիմումը, ապա համայնքի համար բոլորովին այլ սցենարներ առաջ կգան։ Մյուս կողմից էլ՝ նման զարգացումների համատեքստում տրամաբանական չի թվում, որ իշխանություններն, այնուամենայնիվ, կարտոնեն պատրիարքի ընտրություններ անցկացնել»,- «Ազատությանն» ասաց Գոչունյանը։

Պատրիարքարանում կայացած ժողովի ժամանակ որոշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ու նախաձեռնող խումբը սպասելու են մինչև հոկտեմբերի առաջին շաբաթը և պատասխան չստանալու դեպքում հանդիպում են խնդրելու, որպեսզի Ստամբուլի նահանգապետի հետ քննարկեն այս հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG