Մատչելիության հղումներ

Բացվեց Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը


Ազգային պատկերասրահում այսօր բացվեց մեր մեծագույն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը՝ «Արարում» խորագրի ներքո:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի ազգային պատկերասրահը ծովանկարչի ստեղծագործությունների մեծ հավաքածո ունի, որի մեջ սակայն ներառված չէ Այվազովսկու ամենահանրահայտ ստեղծագործություններից մեկը՝ «Քաոս․ աշխարհի արարումը» խորագրով կտավը, որը երբեք Հայաստանում չի ցուցադրվել:

Ժամանակին ծովանկարիչը այդ կտավը նվիրել էր Հռոմի Գրիգոր 16-րդ պապին, ով հետագայում այն նվիրել է Վենետիկի Մխիթարյան միաբանությանը:

Հենց Վենետիկյան միաբաններն էլ տրամադրել են Այվազովսկու կտավը՝ ներկայացնելու հոբելյանական այս ցուցահանդեսում, որը կտևի 5 ամիս մինչև հունվարի 15-ը՝ Այվազովսկու արվեստի երկրպագուներիններկայացնելով մեծ ծովանկարչի 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական և տասնյակից ավելի այլ աշխատանքներ:

Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսին զուգահեռ վաղը կբացվի նաև մեծ ծովանկարչի կյանքին և ստեղծագործությանը նվիրված երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել արվեստաբաններ ամենատարբեր երկրներից:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հովհաննես Այվազովսկու հոբելյանին է նվիրում Երևանյան միջազգային փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 18-ին կայանալիք համերգը, որի ծրագրում, ի թիվ այլ ստեղծագործությունների, կհնչի Դեբյուսիի նշանավոր «Ծովը» սիմֆոնիկ էսքիզը: Համերգը ղեկավարելու համար Հայաստան հրավիրված ֆրանսիացի դիրիժոր Պոլ-Էմմանուել Թոման «Ազատության» հետ հարցազրույցում Դեբյուսիի այս գործը անվանեց «բացառիկ ներզգացական մի ստեղծագործություն, որն ուղղակի ապշեցնում է ունկնդրին»:

Այվազովսկուն նվիրված հոբելյանական համերգի ընթացքում կհնչեն նաև Դյուկայի «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցոն, Գրիգի դաշնամուրային կոնցերտը՝ Միացյալ Նահանգներից ժամանած դաշնակահար Ալեսիո Բաքսի կատարմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG