«Առաջարկել ենք, որպեսզի թանգարանի տնօրինությունը վերատեսության ենթարկի իր պատկերացումները, համաձայնեցնի նախարարության համապատասախան վարչության հետ: Ձևակերպումները անելուց հետո ցուցադրությունը նորից կարող է բացվել», - ասաց Ամիրյանը՝ հավելելով, թե նախարարությունը ցուցահանդեսի «բովանդակության հետ կապված» որևէ առարկություն չունի․ - «Առավել ևս անձնապես ես որևէ խնդիր չունեմ բովանդակության հետ, որովհետև այնտեղ ցուցադրված նյութում արծարծվում են նաև իմ ազգականների անունները»:
Անդրադառնալով Թուխիկյանի հայտարարությանը, թե սպառնալից հեռախոսազանգեր է ստացել ցուցադրության հետ կապված՝ Արմեն Ամիրյանն ասաց․ - «Ես գոնե զանգեր չեմ ստացել: Եթե նախարարությունում որևէ մեկը զանգ ստանար, ես անպայման տեղյակ կլինեի Ես լուսադեմին են վերադարձել արձակուրդից, և վստահաբար պտիտ կհետաքրքրվեմ, թե ով է սպառնացել թանգարանի տնօրենին, որովհետև որևէ մեկը իրավունք չունի մեր տնօրենին սպառնալ»:
Ընդգծելու համար, որ բոլշևիկյան բռնաճնշումների թեման Հայաստանում արգելված չէ, Արմեն Ամիրյանը նշեց, որ շուտով նման բովանդակությամբ ցուցադրություն կբացվի Ազգային գրադարանում: Նաև նախատեսվում է ստալինյան բռնաճնշումներին վերաբերող առանձին թանգարան ստեղծել:
Նախարարը բացառեց, որ ցուցադրությունը փակելու հրահանգ է եղել: Շեշտեց, որ բովանդակության հետ խնդիր չունեն, սակայն թանգարանը պետք է համաձայնեցներ ցուցադրությունը, ինչը չի արել․ - «Որևէ համաձայնություն չի եղել նախարարության հետ»:
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք տարօրինակ չէ, որ թույլտվություն չլինելու մասին հայտարարվեց ցուցահանդեսի բացումից 22 օր անց, Ամիրյանն արձագանքեց․ - «Մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին»:
Ուշագրավ է, որ Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում դեռ օգոստոսի 1-ին գրառում է կատարվել, որ օգոստոսի 4-ին Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում բացվելու է «Խավարում» ցուցադրությունը՝ նվիրված ստալինյան բռնատիրության զոհերին:
Մշակույթի նախարարության մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը քիչ առաջ պարզաբանել է ֆեսյբուքյան այս գրառումը՝ նշելով, որ ինքն է տեղադրել այդ լուրը՝ տեղեկությունը էլեկտրոնային փոստով թանգարանից ստանալուց հետո:
«Դա նախարարության հետ ցուցադրության համաձայնեցում չի նշանակում, որովհետև վերջինն արվում է համապատասխան վարչությանը և ոլորտը համակարգող փոխնախարարին տեղեկացնելով», - նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե «ստելու կարիք լիներ, ապա ֆեյսբուքյան այդ գրառումը վաղուց հեռացված կլիներ»:
Մշակույթի նախարարության կայքումնման լուր տեղադրված չէ:
Հիշեցնեմ, «Ազատության» եթերում Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նշել էր, որ թանգարանի բոլոր ցուցադրությունները նախօրոք ներկայացվում և համաձայնեցնում են նախարարության հետ, և այս մեկն էլ բացառություն չէր․ - «2016 թվի դեկտեմբերի 15-ին 17 թվի ծրագրերը ներկայացվել էին, որտեղ այս ցուցահանդեսի մասին կար ինֆորմացիա, պարզապես վերնագիրն է եղել «Թումանյանի զավակների ճակատագիրը» Որովհետև սկզբում դու չգիտես ինչ վերնագիր կդնես: Ինչ վերաբերում է ձևաչափին՝ սա մեր երրորդ ինստալյացիան է, և որևէ մի անգամ որևէ մի խոչընդոտ չի եղել բացօթյա տարածքը օգտագործելու համար»:
Իրավապաշտպան, խորհրդային տարիների քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը կարծում է, որ եթե բռնաճնշումների թեման Հայաստանի իշխանությունների համար խնդրահարույց չլիներ, ապա ցուցադրությունը չէր փակվի․ - «Իշխանության ամենավերին օղակներում կան մարդիկ, ում համար այն անունները, որոնք ներկայացված էին այնտեղ որպես բացասական կերպարներ, թանկ են, սուրբ են և անձեռնմխելի: Այսինքն, մեր իշխանությունը ցույց տվեց իր իրական դեմքը: Մեր իշխանությունը ցույց տվեց իր հարազատությունը, արյունակցական կապը կասյանների հետ»:
Հարությունյանի խոսքով, այժմ կարևոր չէ՝ կվերաբացվի՞ ցուցադրությունը, թե՞ ոչ․ - «Պարզվում է, դեռ կան մարդիկ, ովքեր հպարտության զգացում ունեն, կան մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին․․․ Աղմուկը բավականին մեծ է՝ ավելի շատ, քան բացվելու ժամանակ: Եվ հիմա ստիպված սկսում են արդարանալ»: