Մատչելիության հղումներ

Վարչապետին «որոշ չափով» բավարարում է Կառավարության գործունեության մեկ տարին


Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

«Տրենդը, որով մենք գնում ենք, մեզ որոշ չափով բավարարում է». - այսպես գնահատեց իր գլխավորած Կառավարության գործունեության մեկ տարին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով իշխող Հանրապետականի պատգամավոր Մարգարիտ Եսայանի այն հարիցն, թե վարչապետի պաշտոնավարման անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացու վիճակը որքանով է փոխվել և արդյոք Կարեն Կարապռտեյանը գոհ է արդյունքներից:

«Ինչ վերաբերում է, թե ինչպես է զգում մեր քաղաքացին, մենք ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք, ոչ մեր գնահատականով, թե՛ տարածաշրջանում, թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ԱՊՀ-ում, թե՚ մեր ռեգիոնում այսօր, ներողություն են խնդրում եթե անհամեստ հնչի, լավագույնն է: Դա նշանակո՞ւմ է, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծել ենք: Իհարկե ոչ: Որովհետև պրակտիկորեն մենք չունենք քաղաքացի, որը իրա կյանքի որակի չի ուզում բարելավի, և այնպես չի ստացվելու, որ մեկ տարվա մեջ մենք բոլորի խնդիրները, բոլորի սպասումները բավարարելու ենք։ Բայց տրենդը՝ ոնց ենք գնում, կարծում եմ, այս պահին մեզ որոշ չափով բավարարում է»:

Վարչապետն այսօր անդրադարձավ նաև Հայաստանի Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ընդդիմադիր «Ելք» խմբակցության առաջարկին: Ի պատասխան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե արդյոք հաշվարկել են ԵԱՏՄ-ում մնալու տնտեսական ռիսկերը, ինչ կորուստներ է ունեցել Հայաստանը այդ կառույցին անդամակցելուց հետո, վարչապետը հակադարձեց տնտեսական ցուցանիշներով․ - «Ինչով է ԵԱՏՄ-ն լա՞վ․ դա մեր մակրոտնտեսական ցուցանիշներն են: Ինչ կլիներ, եթե ԵԱՏՄ-ում չլինեի՞նք․ այդ վերլուծությունը հնարավոր է անել, բայց ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք կորցրել ենք ԵԱՏՄ ակումբի անդամ լինելով: Եվ ավելին, ամփոփ հաշվետվությունը երբ որ մենք ներկայացնենք, դուք կտեսնեք թվերը: Արտահանման աճի տեմպը ԵԱՏՄ ցածր է, քան Եվրամիություն: Կգա՞ պահը, որ այնտեղից դուրս գանք, թե՞ չէ․ այս պահին մենք նման մտավախություն չենք տեսնում»:

Ընդդիմադիր «Ելքի»-ի մեկ այլ պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչու պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանն այդպես էլ արևմտյան երկրներ չայցելեց և այնտեղից ներդրումներ բերելու նպատակով արևմտյան գործընկերների հետ հանդիպումներ չունեցավ: Պատգամավորը փորձեց պարզել, թե արդյոք պատճառնն այն է, որ Հայաստանի վարչապետին չեն հրավիրում, թե՞ հարվիրում են, բայց Կարեն Կարապետյանն է մերժում: «Երկու տարբերակն էլ մեր երկրի համար շատ վատ է», - շեշտեց Մարուքյանը:

Վարչապետի արձագանքը․ - «Իրականում այցը ինքնանպատակ չէ: Եվ եթե մենք չենք այցելում, դա դեռ չի նշանակում, որ մենք արևմտյան երկրների և արևմտյան երկրների ներդրողների հետ օրակարգ չունենք կամ չենք քննարկում այդ թեմաները: Մոտական ժամանակներս նախատեսվում են նման այցեր, և այցը կլինի այն ժամանակ, երբ որ մենք կունենանք օրակարգ և առարկայական խոսալու թեմա, որպեսզի այն չվերածվի տուրիզմի»:

«Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Կարեն Կարեպտյանից փորձեց պարզել, թե ինչպես է նա վերաբերում այն անհատներին, ովքեր Սահմանադրությունը փոխելու միջոցով փորձում են երկարաձգել իրենց պաշտոնավարումը:

Վարչապետը, սակայն, այս հարցին կոնկրետ պատասխան չտվեց․ - «Կամայական Սահմանադրության խախտմանը վերաբերվում եմ վատ: Եթե որևիցե օրենք կամ որևիցե նորմ խախտվում է»:

Արամ Սարգսյանի ռեպլիկին, որ Սահմանադրությունը փոխում են՝ հենց իրենց իշխանավարությունը երկարաձգելու նպատակով, Կարեն Կարապետյանն արձագանքեց․ - «Պարոն Սարգսյան, իրականում, կարծում եմ, առաջին հարցին պատասխանել եմ․ եթե կա իրավունքի խախտում, ապա վերաբերվում են բացասական»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին հետաքրքրում էր, թե ինչու Հայաստանը հրաժարվեց մասնակացել Վրաստանում կազմակերպված միջազգային զորավարժություններին: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, թե Հայաստանը այդ զորավարժությանը մասնակցելու որոշում չի ունեցել․ - «Ի սկզբանե հայկական կողմը այդ զորավարժությանը մասնակցելու որոշում չի ունեցել, և դեռևս մարտ ամսին օֆիցիալ տեղեկացրել է գործընկերներին, որ այդ զորավարժությանը մենք չենք մասնակցելու՝ ելնելով այդ զորավարժության և ՆԱՏՕ-ի հետ մեր փոխգործակցության խնդիրների չհամընկնելու կամ մեր օրակարգային հարցերին չանդրադառնալու առումով: Մենք, այնուամենայնիվ, ստացել ենք լրացուցիչ ևս մեկ անգամ հրավեր՝ գալու դրանցից մեկին Թբիլիսի, հաշվի առնելով մոտիկությունը, և լսելու՝ արդյո՞ք որևէ բան մեզ կարող է այդ զորավարժությունում հետաքրքրի, թե՞ չէ: Մեր սպաները մասնակցել են այդ քննարկմանը, և վերջնաժամկետը զորավարժության մասնակցության հաստատման եղել է օգոստոսի 29-ը, կամ 26-ը, եթե չեմ սխալվում: Այդ վերջնաժամկետից օրեր առաջ մենք օֆիցիալ հայտնել ենք, որ չէ, այդ զորավարժությանը մենք չենք մասնակցելու: Ես կարծում եմ, որ այս աղմուկի ծավալի պատճառներից մեկը եղել է նաև Պաշտպանության նախարարության առաջին իսկ պահին արագ չարձագանքելը մամուլում հայտնված լուրին: Մամուլի քարտուղարը, կարծում եմ, լիարժեք էդ պահին չի պատասխանել, որի համար ես իրեն արել եմ համապատասխան դիտողություն»:

Մինչդեռ, հիշեցնենք, Վրաստանի պաշտպանության նախարարությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան, ընդհակառակը, շեշտել էին, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս հուլիսին հաստատել էր 3 հայաստանցի սպաների մասնակցությունը այդ զորավարաժությանը:

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ չշրջանցվեց նաև բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսի փակման հարցը: «Ելք» խմբակցությունից Արարատ Միրզոյանը հարցրեց, թե ով է նման որոշում կայացրել՝ Մշակույթի նախարա՞րը, թե՞ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հարցին պատասխանեց Արդարադատության նախարարԴավիթ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ տեղի ունեցածում պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել: Հայաստանի դիրքորոշումը լենինյան և ստալինյան բռնապետության ժամանակաշրջանի վերաբերյալ չի փոխվել․ - «Եվ այս պարագայում փորձել քաղաքականացնել ընդամենը պետական գերատեսչության և ՊՈԱԿ-ի համատեղ աշխատանքը, ես կարծում եմ, ուղղակի անտեղի է: Դիրքորոշումը պետության պարզ է, որևէ փոփոխություն այդտեղ տեղի չի ունեցել: Ցավում եմ, որ նման երևույթ տեղի ունեցավ: Ես կարծում եմ, որ ցուցահանդեսը իհարկե պետք է դառնա ավելի լայն, տարածման հնարավորություն ունենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG