Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն հայաստանցի գործարարներին հորդորում է ավելի շատ օգտվել ընձեռված արտոնյալ ռեժիմից


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը պատասխանում է լրագրողների հարցերին: 13-ը սեպտեմբերի, 2017 թ․
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը պատասխանում է լրագրողների հարցերին: 13-ը սեպտեմբերի, 2017 թ․

Հայաստանում է Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը, և պետական մարմինների ու գործարար հանրության հետ քննարակումներ են ընթացել հայ-ամերիկյան առտևտրի ընդլայնման շուրջ:

ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալ Էդ Գրիսերը Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի առավոտյան կազմակերպած միջոցառմանը հայաստանցի գործարարներին ներկայացրեց այն հնարավարությունները, որ ընձեռում է ամերիկյան GSP համակարգը՝ արտոնյալ առևտրային ռեժիմը:

«Հայաստանի հարևանները նույնպես օգտվում են այդ համակարգից՝ Վրաստանը, Ուկրաինան, Թուրքիան: Բազմաթիվ այլ երկրներ ևս համակարգի մաս են՝ Պակիստան, Հնդկաստան Բրազիլիա և այլն: Այն երկրները, որոնք չեն օգտվում այդ համակարգից և Հայաստանի հարևաններն ու մրցակիցներն են ․․․ Եվրամիության անդամ երկրները չեն օգտվում այդ համակարգից՝ չեն օգտվում Խորվաթիան, Բուլղարիան, Ռումինիան, Ռուսաստանը չի օգտվում GSP համակարգից, Չինաստանը չի օգտվում, Իրանը չի օգտվում այդ համակարգից: Ուստի, երբ [ամերիկացի] գնորդները ընտրում են հայաստանյան ապրանքների և Հայաստանի հարևան երկրների ապրանքների միջև, GSP համակարգի ընձեռած հնարավորությունը կարող են [գնային առումով] գրավիչ փաստարկ լինել՝ ընտրելու հայաստանյան արտադրանքը», - նշեց նա:

Գրիսերի խոսքով, Հայաստանը Միացյալ Նահանգներ է արտահանում ալյումինե փայլաթիթեղ, ոսկերչական իրեր, բալի ջեմ: Նա ընդգծեց, որ Հայաստանը չորրորդ խոշոր երկիրն է, որը բալի ջեմ է արտահանում ամերիկյան շուկա, և GSP համակարգը թույլ է տալիս հայաստանյան արտահանողներին բալի ջեմի յուրաքանչյուր կիլոգրամի մեջ խնայել 11 սենթ՝ որպես մաքսային վճար այն չփոխանցելով ԱՄՆ պետբյուջե:

Ըստ Երևանում ԱՄՆ դեսպանատան, Միացյալ Նահանգների GSP կամ Արտոնյալ առևտրային ռեժիմի ծրագիրը սահմանվել է Առևտրի մասին 1974 թվականի օրենքով և նպատակ ունի խթանել տնտեսական աճը զարգացող երկրներում: Ծրագրի ներքո 3451 ապրանքատեսակ 129 երկրներից ու տարածքներից, այդ թվում Հայաստանից, կարող է ԱՄՆ ներմուծվել արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսային վճարների:

Էդ Գրիսերի գլխավորած պատվիրակությանը արդեն իսկ ընդունել են Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: Հանդիպումների ժամանակ քննարկվել են երկկողմ առևտրի ծավալներն ընդլայնելու հնարավորությունները:

Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, թեև այս տարվա առաջին յոթ ամիսներին հայ-ամերիկյան առևտուրը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38.5 տոկոսով՝ կազմելով 91.4 միլիոն դոլար, սակայն նախորդ տասը տարիներին կտրվածքով այն նկատելի անկում է ապրել:

2016-ին երկկողմ առևտուրը կազմել է 126,8 միլիոն դոլար, և այդ ցուցանիշով ԱՄՆ-ն Հայաստանի 11-րդ առևտրային գործընկերն էր: Դրանից հինգ տարի առաջ՝ 2011-ին, Հայաստան-ԱՄՆ առևտուրը ավելի շատ էր՝ 248,7 միլիոն դոլար, ևս հինգ տարի առաջ՝ 2006-ին՝ 171,7 միլիոն դոլար:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գարեգին Մելքոնյանն հիշեցրեց, որ GSP համակարգ Հայաստանին շնորհել են մի քանի երկրներ՝ Ճապոնիան, Նորվեգիան, Շվեյցարիան և ԱՄՆ-ն, իսկ Եվրամիության հետ Երևանը աշխատում է GSP+ համակարգով․ - «Ի շնորհիվ այս համակարգի, այս ապրանքները, որոնք որ արտադրված են Հայաստանում, ունեն Հայաստանի ծագման սերտիֆիկատ, Միացյալ Նահանգներ ներմուծվում են զրոյական դրույքաչափով: Եթե մենք նայում ենք վիճակագրությունը, պետք է նշեմ, որ Հայաստանի ընդհանրապես արտահանման կեսից ավելին օգտվում են այս համակարգից: Միացյալ Նահանգներ արտահանվող ապրանքների 59 տոկոսը, եթե չեմ սխալվում, օգտվում է այս արտոնությունից»

Ի դեպ, ԵԱՏՄ երկրներից Հայաստանը միակն է, որ ԱՄՆ-ի հետ աշխատում է GSP համակարգով:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը ընդգծեց, որ հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը իր առաքելության առաջնահերթություներից է․ - «Նախորդ երկու տարիների ընթացքում իմ՝ որպես դեսպանի առաջնահերթություններից մեկն է եղել Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև տնտեսական կապերի ու առևտրի բարելավումը: Սա է պատճառը, որ ես շատ ուրախ եմ՝ Երևանում ողջունելու ԱՄՆ Առևտրի հանձնակատարի գրասենյակի երկու բարձրաստիճան ներկայացուցչներին: Նրանք այստեղ են՝ խոսելու հայաստանյան գործարար հանրության կողմից ԱՄՆ GSP համակարգի ավելի լայն կիրառման հնարավորության մասին: GSP համակարգը թույլ է տալիս որոշակի երկրների և ապրանքների մուտք գործել ամերիկյան շուկա նվազեցված մաքսային վճարներով: Դեպի ԱՄՆ հայաստանյան արտահանման մոտ 60 տոկոսը արդեն իսկ օգտվում է GSP համակարգից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG