«Մենք պետք է ունենանք զարգացած, մրցունակ ու արդար երկիր», - ուղիղ մեկ տարի առաջ ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ հայտարարեց Կարեն Կարապետյանը։
Ըստ Կառավարության այսօր հրապարակած զեկույցի, Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, մասնավորապես, 2017թվականի առաջին կիսամյակում տնտեսություն աճել է 6.1 տոկոսով, արտահանումն ու ներմուծումը՝ համապատասխանաբար 21 և 25, իսկ արդյունաբերական արտադրանքը՝ ավելի քան 12 տոկոսով:
Տնտեսագետների համոզմամբ, սակայն, անցնող մեկ տարում հայաստանցիների կյանքում որակական աճ չի արձանագրվել, ներկայացվող աճը տեսանելի է միայն թվերով։
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը պնդում է, թե ներկայացվող աճը տեսանելի է միայն թվերով․ - «Համենայն դեպս, որ որևէ ոլորտում գրանցվել են տեսանելիորեն հաջողություններ, մենք չենք կարող խոսել: Դրա համար էլ մենք ունենք ընդամենը քանակական աճ, այլ ոչ թե որակական աճ»:
Խորհրդարանական ընտրություներին Հանրապետականի քարոզարշավը գլխավորող Կարեն Կարապետյանը 2017-ի համար կանխատեսում էր 830 միլիոն դոլարի ներդրում։ Ըստ Կառավարության այսօրվա զեկույցի, այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանում իրականացվել է 375 միլիոն դոլարի ներդրում։ Ի դեպ, ներկայացված գումարի մեջ կառավարությունը որպես ներդրում է հաշվարկել նաև պետական ու համայնքային բյուջեից կատարված ծախսերի մի մասը։
Տնտեսության լավագույն ցուցիչները, ըստ տնտեսագետի, արտագաղթն ու գործազրկությունն են, որոնք շարունակում են անկում գրանցել․ - «Որակական աճի պարագայում դժվար է գտնել մի երկիր, որտեղ որ ավելի քան 6 տոկոս տնտեսական աճ է լինում, և այդ երկրից արտագաղթողների թվաքանակը ավելանում է 10 տոկոսով՝ նախորդ ժամանակաշրջանի հետ համեմատած: Սա ցուցանիշ է, որը վկայում է, որ այդ տնտեսական աճը մեծ հաշվով լայն հասարակության համար տեսանելի և զգալի չէ»:
Պաշտոնավարման սկզբում Կարեն Կարապետյանն աչքի էր ընկնում սուր քննադատությամբ, բազմաթիվ հանձարարականներով ու երբեմն նաև շատերի համար անսպասելի հայտարարություններով։
Դրանցից մեկն օրինակ Կարապետյանը արեց Ազգային ժողովում պաշտոնավարման հենց երկրորդ օրը․ - «Ռեալ մեր տնտեսության վիճակը․․․ բաց, ազնիվ ասում եմ՝ շատ ծանր է, չափազանց ծանր է»:
Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար նորանշանակ վարչապետը, որը իշխանության շրջանում առավել հաճախ բնութագրվում էր որպես լավ մենեջեր, հայտարարեց առաջնահերթությունների մասին՝ տնտեսական աճ, բիզնես միջավայրի ու ներդրումների ակտիվացում։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, անցնող մեկ տարին ցույց տվեց, որ, Կառավարության ղեկավարի ու մի քանի նախարարների փոփոխությամբ հանդերձ, վարչապետի բնութագրած տնտեսությունը մնաց նույն՝ չափազանց ծանր վիճակում․ - «Այդ խմբի ուղղակի ներկայացուցչական կազմն է փոխվել՝ մեկը գնացել է, մյուսը եկել, բայց ընդհանուր առմամբ ամբողջ գաղափարախոսությունը կառավարման մնացել է նույնը: Եվ այս առումով գործող Կառավարության հիմնական դերը եղել է հենց այդ ինչ-որ մի խմբի շահերը սպասարկելը, որը հաջողությամբ կարողանում են անել»:
Խոստացված ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Կառավարությունն անցած մեկ տարվա ընթացքում ընդունել է 1351 որոշում, ԱԺ ուղարկել 160 օրենքի նախագիծ։
Դառնալով Հայաստանի նորանկախ պատմության 14-րդ վարչապետը՝ Կարեն Կարապետյանը իր նախորդներինման առաջնային համարեց նաև կոռուպցիայի դեմ անողոք պայքարը։ Կատարվեցին տասնյակ օրենսդրական փոփոխություներ, ստեղծվեցին նոր իրավական ակտեր, հիմնվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Արդյունքները, սակայն, մասնագետների համար տեսանելի չեն:
«Իրավակիրարկման դաշտում մենք չենք տեսնում որևէ աղմկահարույց, խոշոր ձուկ, որը կհայտնվի ճաղերի հետևում ու որոշակի ժամանակ անցկացնի այնտեղ: Սովորաբար մեկ-երկու տարի հետո ինքը այդտեղից դուրս է գալիս և իր գործունեությունը ծավալում է: Սա՝ լավագույն դեպքում», - ասաց Արտակ Մանուկյանը:
Կարեն Կարապետյանի խոստումների մասին վերջնական գնահատական տալը դեռ վաղ է․ նրա ներկայացված ծրագրերը հիմնականում 5 տարվա կտրվածքով են: Թեև մինչև այս պահը իշխանության որևէ ներկայացուցիչ չի հստակեցրել, թե արդյոք Կարապետյանը կպաշտոնավարի նաև 2018 թվականի ապրիլից հետո, երբ կլրանա նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետ, ու Հայաստանը լիարժեք անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգի, որտեղ երկրի ղեկը կլինի վարչապետի ձեռքում:
Հայաստանի վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանն, ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, չբարեփոխեց նաև քաղաքական դաշտը։
«Կարապետյանի խոսքն էր ավելի շատ նկատելի, քան գործը: Միևնույն ժամանակ, նրա խոսքն էլ րուներ այն էներգետիկան, չուներ այն ազդեցությունը, որ կարողանար հանրության մոտ նոր սպասումներ արթնացնել, նոր հեռանկարներ արթնացնել», - ասաց Բադալյանը:
Ի դեպ, Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացավ 600 միլիոն դոլարով՝ հատելով 6 միլիարդի սահմանագիծը։