Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն Հայաստանի կառավարությունն ու իրավապահ կառույցները: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ պատասխանելով «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճման մասին «Ազատության» հարցին:
«Միացյալ Նահանգների դեսպանատունը ապրիլի 14-ին ողջունել էր Hayastan 24 կայքում հրապարակված նյութի վերաբերյալ քննություն սկսելու՝ Հայաստանի գլխավոր դատախազության հայտարարությունը: Դեսպանատունը խիստ մտահոգիչ էր համարել Hayastan 24-ի այդ հրապարակումը, որը մամուլում ստացավ «ՍԱՍ-ի ժողով» անունը: Սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է այս գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Ինչպե՞ս է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանում աղմկահարույց այս գործի կարճումը», - այս հարցմանն ի պատասխան դեսպանատնից ստացված հաղորդագրությունում ասված է․
«Նախ մենք նորից շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ի ընտրությունների առիթով, որին նախորդել էր տարբեր կուսակցությունների ու դաշինքների միջև լայն մրցակցության մի ժամանակահատված այնպիսի միջավայրում, երբ լրատվամիջոցներով հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումները:
Այնուհանդերձ, ընտրություններից հետո միջազգային կազմակերպությունների համատեղ հայտարարությամբ մենք նշեցինք, որ ընտրական գործընթացում եղել են արժանահավատ ու անհանգստության տեղիք տվող հաղորդումներ քվեների գնման ու ընտրողների վրա հավանական ճնշումների վերաբերյալ: Մենք ՀՀ կառավարությանը, կուսակցություններին և քաղաքացիական հասարակությանը հորդորեցինք միասին աշխատել՝ այդ մտահոգությունները իրավական մեխանիզմների միջոցով փարատելու նպատակով, քանի որ ընտրախախտումների մասին հաղորդումներով վստահելի ու թափանցիկ քննությունների անցկացումը համահունչ էր փետրվարի 9-ին Վարչապետի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման դեմ արված նախազգուշացմանը:
Դոնոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ քվեարկության օրը կիրառված տեխնիկական միջոցները թույլ տվեցին բարելավել հասարակության վստահությունը ընտրությունների անցկացման նկատմամբ:
Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը նույնպես անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն ՀՀ կառավարությունն ու վերջինիս իրավապահ կառույցները»: