Մատչելիության հղումներ

Թուրքիայի փոխվարչապետը «կեղտոտ խաղի» մաս է համարում ԱՄՆ-ում թուրք նախարարին մեղադրանքի առաջադրումը


Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը ԱՄՆ դատախազության կողմից Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլայանին մեղադրանքի առաջադրումը համարել է գյուլենականների հերթական հեղաշրջման փորձը ամերիկյան արդադարադատության միջոցով։

«Այս գործը ոչ այլ ինչ է, քան դեկտեմբերի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում գյուլենականների կողմից դատական ճանապարհով հեղաշրջման ձախողված փորձի կրկնությունը ԱՄՆ-ում ամերիկյան դատական համակարգի օգտագործմամբ», - հայտարարել է Բոզդաղը։

Մանհեթանի շրջանային դատարանի մեղադրական եզրակացության համաձայն, թուրք նախկին նախարարը միլիոնավոր դոլարների կաշառքի և ոսկերչական իրերի դիմաց աջակցել է, որպեսզի Իրանը կարողանա փոխանցումներ կատարել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները:

Բեքիր Բոզդաղի պնդմամբ՝ Չաղլայանի մեղքը ապացուցող փաստեր չկան, և այս գործը ընդամենը «կեղտոտ խաղի» մի մասն է։

«Նախարար Զաֆեր Չաղլայանը իր պաշտոնավարման ընթացքում պաշտպանել է Թուրքիայի Հանրապետության շահերը՝ իր պարտականությունը կատարելով և՛ Թուրքիայի, և՛ միջազգային իրավունքի օրենքների համաձայն», - նշել է Թուրքիայի փոխվարչապետը։

Բեքիր Բոզդաղը անդրադարձել է նաև թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամային մեկ այլ խնդրի՝ Վաշինգտոնում տեղի ունեցած սկանդալային ծեծկռտուքից հետո նախագահ Թայիփ Էրդողանի 15 թիկնապահներին մեղադրանք առաջադրելու մասին ամերիկյան դատարանի որոշմանը:

«Այդ մեղադրականը անհիմն, կողմնակալ և անարդար է։ Պետք է հստակ նշել, որ մեղադրական եզրակացությունը հիմնված է այդ օրվա դեպքերից հետո ահաբեկչական խմբավորումների աջակիցների ցուցմունքների վրա։ Առանց որևէ պատասխանատվություն ստանձնելու տեղի ունեցած համար, նրանք մեղքը բարդում են թուրքական անվտանգության ուժերի վրա», - ասել է Բոզդաղը՝ հավելելով, որ ամերիկյան կողմի մեղադրականները մեծ վնաս են հասցնում Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին։

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, քննադատելով ԱՄՆ արդարադատության համակարգը, հայտարարել էր, որ ամերիկյան դատարանի մեղադրականներից վատ հոտ է գալիս։

«Կարող ես մեծ պետություն լինել, բայց արդար պետություն լինելն ուրիշ բան է։ Սա է խնդիրը։ Արդար պետություն լինելը սկսվում է արդար իրավական համակարգից», - ընդգծել էր Էրդողանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG