Մատչելիության հղումներ

Տեսանելի ապագայում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չի գա


«Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

Շարմազանով․ - Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը հղի է շատ լուրջ խնդիրներով, շատ լուրջ պրոբլեմներով հենց Հայաստանի համար: Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը կհանգեցնի գազի գնի աննախադեպ աճի: Երկրորդը՝ առևտրաշրջանառության փոփոխության․ այն ապրանքները, որոնք մենք կարողանում ենք իրացնել եվրասիական շուկայում, դրանց համար չկա այլընտրանքային շուկա այսօր: Միգուցե հինգ տարի հետո, տասը տարի հետո լինի: Այսօր Հայաստանի իշխանությունները Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության անհրաժեշտություն չեն տեսնում: Մենք պետք է շարունակենք մեր հարաբերությունների խորացումը Եվրասիական տնտեսական միության հետ:

«Ազատություն»․ - Ձեզ հաճախ են հեգնում հարցազրույցներից մեկում այն մտքի համար, որ եթե ԵԱՏՄ չմտնեինք, բա մեր լոլիկն ու վարունգը որտե՞ղ էինք արտահանելու: Ես ուզում եմ մեջբերել «Ելք»-ի հիմնավորումները, որ ԵԱՏՄ-ին անցամակցելուց երեք տարի անց 8 տոկոսով կրճատվել է ՀՆԱ-ն, զբաղվածության մակարդակը նվազել է 13 տոկոսով, միջազգային պահուստները կրճատվել են 40 տոկոսով, Հայաստանի պետական պարտքը աճել է 10 տոկոսով: Ձեր կարծիքով, Եվրասիական տնտեսական միությո՞ւնն է պատճառը, որ այսպիսի բացասական արդյունքներ ենք գրանցել:

Շարմազանով․ - Եթե մենք Եվրասիական տնտեսական միություն չմտնեինք, այդ բացասական դինամիկան ավելի շատ կլիներ: Դա նույն բանն ա, ոնց որ դու հաց ես ուտում, հաց ու պանիրը դու ունես էսօր, վաղը հաց ու պանիրը վերցնում ես գցում ես դույլի մեջ, բայց քեզ ասում են, որ երեք տարի հետո կարող ա խորոված ուտես: Բայց մինչև էդ երեք տարին դու կարաս սովից մեռնես:

«Ազատություն»․ - Երբ որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու որոշում կայացվեց, իշխող Հանրապետական հիմնավորում էր, որ ԵԱՏՄ մտնելով մենք նաև անվտանգության հարց ենք լուծում, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հարցում: Մինչդեռ ընդդիմադիր «Ելք»-ը հակափաստարկներ է բերում, որ հենց ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Ռուսաստանը՝ մեր ռազմավարական գործընկերը, մեր դաշնակիցը, ԵԱՏՄ-ում գլխավոր, առանցքային դերակատարը, սկսեց ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին: Ընդ որում՝ հարձակողական զենք: Եվ հենց ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո անցած երեք տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանը ունեցավ նաև հողային կորուստներ: Այսինքն, ԵԱՏՄ-ին անդամակցությունն անգամ անվտանգության հարց չլուծեց:

Շարմազանով․ - Կարծում եմ, դա ոչ-ճիշտ տեսակետ է: ԵԱՏՄ մտնելուց հետո հայ-ռուսական համագործակցությունը, նաև ռազմական ու ռազմավարական դաշնակցային հարաբերությունները մի քանի անգամ ավելի են ուժեղացել, և Հայաստանը ստացել է շատ մոդեռնիզացված զենքեր և զինամթերք, և որոնք ապահովում են հայկական ուժերի հետ մեկտեղ Հայաստանի անվտանգության համակարգը: Եվ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո Հայաստանի անվտանգության համակարգը ուժեղացել է:

«Ազատություն»․ - Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք բացառում է առաջիկայում կոալիցիայի կազմումը իշխող Հանրապետականի հետ, ասաց, որ ինքը կյանքում ոչինչ չի բացառում: Ձեր գնահատականը ինչպիսին է․ հնարավո՞ր է, որ իշխող Հանրապետականը խորհրդարանական՝ իր մեծությամբ երկրորդ ուժի հետ կոալիցիա կազմի:

Շարմազանով․ - Մեր օրակարգում նման քննարկում չի եղել: Ինչ վերաբերում է ոչինչ չբացառելուն, մեկ անգամ չէ, որ ես ասել եմ, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Տեսականորեն ես որևէ մեկի հետ որևէ զարգացում քաղաքականության մեջ չեմ բացառում, որովհետև քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Իսկ եթե կոնկրետ խոսենք, առարկայական կարող եմ ասել, որ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության օրակարգում 2018 թվականի կառավարության ձևավորման, վարչապետի նշանակման, փոխվարչապետի նշանակման, տարբեր քաղաքական ուժերի հետ կոալիցիայի ձևավորման և վերաձևավորման հարց չի քննարկվել:

«Ազատություն»․ - Իսկ Սերժ Սարգսյանը իր ապագա պլանների հետ կապված Ձեզ որևէ տեղեկատվություն փոխանցե՞լ է:

Շարմազանով․ - Սերժ Սարգսյան առանձին պլանները ո՞րն ա: Սերժ Սարգսյանը Հանրապետության նախագահն ա, քաղաքական մեծամասնության ղեկավարն ա, շարունակելու մնալ քաղաքական մեծամասնության ղեկավարը: Ինքը այդ հարցի վերաբերյալ պատասխանել է, ավելացնելու բան չունեմ:

«Ազատություն»․ - Ձեզ նոր տեղեկատվություն չի փոխանցել:

Շարմազանով․ - Մեզ կարող ա շատ բան ա փոխանցել, մենք կարող ա շատ հարցեր քննարկենք, բայց դրա մասին կքննարկենք, կբարձրաձայնենք կոնկրետ ժամանակին:

«Ազատություն»․ - Դուք վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին այլընտրանք տեսնո՞ւմ եք:

Շարմազանով․ - Շատ գայթակղիչ հարցեր եք տալիս․․․ Ես Ձեր հարցին պատասխանեցի․ մինչև կուսակցությունում չենք քննարկում․․ Ես կարգապահ կուսակցական եմ, նոր քաղաքական գործիչ չեմ, որ Ձեր հարցերին տենց պատասխանեմ: Ում եմ տեսնում, ում չեմ տեսնում, ես ասել եմ՝ Սերժ Սարգսյան պետական գործչի կարիքը մեր հասարակությունում կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG