Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը Անկարային հորդորում են ազատ արձակել «Ջումհուրիյեթ»-ի լրագրողներին


Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը և խոսքի ու մտքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դևիդ Քեյնը հայտարարություն են տարածել «Ջումհուրիյեթ» պարբերականի խմբագիրների, լրագրողների և մյուս աշխատակիցների դեմ հարուցված դատական գործով հերթական նիստից հետո՝ թուրքական իշխանություններին կոչ անելով անհապաղ ազատ արձակել այդ երկրում բանտարկված լրագրողներին։

«Թուրքիայում մեդիայի և խոսքի ազատության նկատմամբ ճնշումները ուղղակի սպառնալիք են լրագրողների և լրագրության նկատմամբ։ «Ջումհուրիյեթ»-ի լրագրողներն ու ղեկավարներն արդեն գրեթե մեկ տարի բանտում են անցկացրել հանրության շահերից բխող հարցերի լուսաբանման համար։ Նրանց բանտում պահելու որոշումը ոչ միայն հակասում է ժողովրդավարությանը, այլև անտեսում այդ երկրի ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները»,-ասված է Դեզիրի և Քեյնի հայտարարության մեջ։

Նախօրեին Ստամբուլում «Ջումհուրիյեթ»-ի գործով կայացած դատական նիստում դատարանը որոշեց ուժի մեջ թողնել թերթի 5 աշխատակիցների կալանքի որոշումը։ Նրանք մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով հանդերձ՝ խմբավորմանն աջակցելու» և «խմբավորմանը անդամակցելու» մեջ: Լրագրողներին սպառնում է 7,5-տարուց մինչև 43 տարի ազատազրկում:

Հուլիսի վերջին մեկնարկած «Ջումհուրիյեթ» պարբերականի աշխատակիցների դատավարությանը կշարունակվի սեպտեմբերի 25-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG