Մատչելիության հղումներ

Քաղաքագետ․ Վրաստանի փոխվարչապետի հետ Երևանում քննարկվել են առաջին հերթին տնտեսական հարցեր


Հայաստանի նախագահի և Վրաստանի փոխվարչապետի հանդիպումը, Երևան, 11-ը սեպտեմբերի, 2017թ․
Հայաստանի նախագահի և Վրաստանի փոխվարչապետի հանդիպումը, Երևան, 11-ը սեպտեմբերի, 2017թ․

Վրաստանում անցկացված Agile Spirit 2017 զորավարժություններին մասնակցությունից Հայաստանի հրաժարվելուց հետո երեկ Երևան ժամանեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ Հայաստանի ղեկավարության և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումների ժամանակ մի շարք կարևոր հարցերի թվում կողմերն անդրադարձել են նաև վերոհիշյալ թեմային, թեև պաշտոնական հաղորդագրություններում դա չի նշվում:

Գրիգորյանի կարծիքով՝ Երևանում Վրաստանի փոխվարչապետի հետ քննարկված հարցերը «կապված են տնտեսական ոլորտի հետ առաջին հերթին»: «Ինչո՞ւ՝ քանի որ, գիտեք, սկսեցին աշխատել ԵԱՏՄ-ի [Եվրասիական տնտեսական միության] շրջանակներում ինչ-որ խաղի կանոններ, որոնք շոշափում են և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի շահերը, օրինակ՝ առևտրի ոլորտում, օրինակ՝ մանր բիզնեսի ոլորտում: Գիտեք այդ սահմանափակումները, որ Վրաստանից 5 կիլոյից ավելի մթերք չեն կարող ներմուծել Հայաստան: Դա՝ ԵՏՄ-ի խաղի կանոնները սկսեցին աշխատել: Ու քանի որ դա շոշափում է և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի շահերը, և կոնկրետ քաղաքացիների շահերը, նաև՝ միջսահմանային առևտրի, մանր առևտրի վրա ազդում է, ես չեմ բացառում, որ այս տիպի հարցերը առաջին հերթին առաջ եկան», - ընդգծեց քաղաքագետը:

«Արդյոք Հայաստանի չմասնակցելը զորավարժությանը այնքան փոքր հարց էր, որ չէ՞ր քննարկվի երկու երկրների արտգործնախարարների մակարդակով, թե՞ քննարկվել է, բայց դուրս է մնացել պաշտոնական հաղորդագրությունից», - այս հարցին քաղաքագետը պատասխանեց․ - «Պաշտոնականում չկա հասկանալի պատճառներով՝ ես կարծում եմ, որ Հայաստանը չի ուզում, որ շատ քննարկվի այդ հարցը, քանի որ պատճառներ կային, որ մենք հրաժարվեցինք: Ու երկրորդ նյուանսը կա, հիշում եք՝ հաղորդագրությունները մեր պաշտոնյաների և Վրաստանի պաշտպանության նախարարության իրար չէին բռնում: Հիմա, պարզ է, որ եթե շատ շոշափվեր այդ հարցը, խորանար, բացասական տարրեր կլինեն, ու ես չեմ բացառում, որ քննարկվել է, ուղղակի որոշեցին չներմուծել այդ հայտարարության մեջ»:

Իսկ այն, որ և՛ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, և՛ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի փոխվարչապետին ներկայացրել են նաև ղարաբաղյան կարգավորման ներկայիս բանակցությունները, Ստեփան Գրիգորյանը հետևյալ կերպ մեկնաբանեց․ - «Անընդհատ Ադրբեջանը շահարկում է այն փաստը, որ Աբխազիան, Հարավային Օսիան Վրաստանից խլում են, կամ Ռուսաստանը անկախությունը ճանաչեց, «ա՛յ, մենք էլ ունենք Ղարաբաղ, մենք էլ պետք է պայքարենք Վրաստանի հետ՝ տարածքային ամբողջականությունը իրար պահպանելու»: Ես կարծում եմ, որ այստեղ շոշափվեց այդ հարցը հենց այդ կոնտեքստում՝ որ Ղարաբաղի հարցը ընդհանրություններ ոչ Հարավային Օսիայի, ոչ էլ Աբխազիայի․․․ պարզ է, միշտ էլ կարելի է նույնատիպ բաներ գտնել, բայց էությունը, պատմությունը տարբեր է: Ես կարծում եմ՝ մերոնք հաղորդագրության մեջ հատուկ դա նշեցին հենց այդ պատճառով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG