Մատչելիության հղումներ

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին ԱՄՆ-ում մինչև 95 տարվա ազատազրկում է սպառնում


Թուրք գործարար Ռեզա Զարաբի դիմանկարը՝ արված դատական նիստի ժամանակ, արխիվ
Թուրք գործարար Ռեզա Զարաբի դիմանկարը՝ արված դատական նիստի ժամանակ, արխիվ

Ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու նպատակով Իրանին գաղտնի օգնություն ցուցաբերելու գործով ԱՄՆ-ի իրավապահների կողմից մեղադրվող՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Ջաֆեր Չաղլայանին մինչև 95 տարվա ազատազրկում է սպառնում։

Թուրքական «Ջումհուրիեթ»-ի հաղորդմամբ, Չաղլայանի պատժաչափը կարող է ավելանալ՝ գերազանցելով 100 տարին։ ԱՄՆ Մանհեթենի շրջանային դատարանի մեղադրական եզրակացության համաձայն, թուրք նախարարը միլիոնավոր դոլարների կաշառքի և ոսկերչական իրերի դիմաց աջակցել է, որ Իրանը կարողանա դրամական փոխանցումներ կատարել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Նույն գործով մեղադրվող՝ իրանական ծագմամբ թուրք գործարար Ռեզա Զարաբը, որը ձերբակալվել էր անցած տարի և Նյու Յորքի դադարանի առաջ էր կանգնել Իրանին աջակցելու, նաև իրանական մի շարք կառույցների արժույթ և ոսկի վաճառելու համար։ Զարաբին մինչև 75 տարվա ազատազրկում է սպառնում։

Զաֆեր Չաղլայանից և Ռեզա Զարաբից բացի, ամերիկյան դատարանի մեղադրական եզրակացության մեջ հիշատակվում են ևս 9 հոգի, այդ թվում թուրքական պետական «Հալք» բանկի կառավարիչ Սուլեյման Ասլանը, նրա տեղակալներ Լևենթ Բալկանն ու Մեհմեդ Հաքան Աթիլան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG