Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարին


Պաշտոնական
Պաշտոնական

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:

Նախագահի կայքէջի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-վրացական փոխգործակցությանը և երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերին:

«Միխեիլ Ջանելիձեն հանդիպման սկզբում երախտագիտություն է հայտնել բարեկամ Հայաստանին՝ Բորժոմիում բռնկված անտառային խոշոր հրդեհի մարման գործում ցուցաբերած զգալի աջակցության համար: Սերժ Սարգսյանը և Միխեիլ Ջանելիձեն երկկողմ հարաբերություններից բացի քննարկել են միջազգային կառույցների շրջանակներում հայ-վրացական փոխգործակցությանը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ Ջանելիձեին ընդունել էր նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ «նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG