Մատչելիության հղումներ

Ալիևը ներում շնորհեց Լապշինին և «հրահանգեց» ազատ արձակել կալանված ադրբեջանցի լրագրողին


Ալեքսանդր Լապշինը Բաքվի օդանավակայանում, 7-ը փետրվարի, 2017 թ․
Ալեքսանդր Լապշինը Բաքվի օդանավակայանում, 7-ը փետրվարի, 2017 թ․

Լապշինին ազատ արձակելու որոշումը Բաքուն կայացեց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Իսրայել կատարելիք այցի նախաշեմին, որտեղ նախատեսված են հանդիպումներ այդ երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի, ինչպես նաև ռազմարադյունաբերական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչերի հետ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ներում շնորհեց Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ տարիներ առաջ առանց Բաքվի թույլտվության Ղարաբաղ այցելելու համար: Ալիևի հրամանագիրը ուժի մեջ է մտել հրապարակման պահից, և, Լապշինի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը կարող է ադրբեջանական բանտից դուրս գալ արդեն այսօր կամ ամենաուշը՝ վաղը:

Մեկնաբանելով շատերի համար անակնկալ այս որոշումը՝ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն այսօր հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն վաղուց էր պատրաստ՝ բլոգերին արտահանձնել Իսրայելին, սակայն, գործընթացը ձգձգվել է այդ երկրի իշխանությունների մեղքով: «Արդյունքում երեկ տհաճ միջադեպ արձանագրվեց, Լապշինը կալանավայրում ինքնասպանության փորձ է արել, որը, սակայն, կանխվել է բանտապահների զգոնության շնորհիվ: Լապշինին շտապ օգնություն է ցուցաբերվել, այժմ նա բժիշկների հսկողության տակ է»,- հայտարարել է Հասանովը:

Բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը, միշդեռ, ռուսական «Ինտերֆաքսին» ասել է, թե որևէ բան չգիտի իր պաշտպանյալի ինքնասպանության փորձի մասին: Առայժմ հստակ է միայն, որ բլոգերը հանձնվելու է Իսրայելի իշխանություններին: «Այժմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ու Բաքվում Իսրայելի դեսպանատունն աշխատում են Լապշինի արտահանձման ուղղությամբ»,- ժամեր առաջ հայտարարել է նախագահ Ալիևի օգնական Ալի Հասանովը:

Ուշագրավ է, որ Լապշինին ազատ արձակելու որոշումը Բաքուն կայացրեց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Իսրայել կատարելիք այցի նախաշեմին, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդումների, նախատեսված են հանդիպումներ այդ երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի, ինչպես նաև ռազմարադյունաբերական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչերի հետ:

Թել Ավիվից արդեն հայտարարում են՝ Ադրբեջանի նախագահի այս որոշումն էլ ավելի կամրապնդի երկկողմ հարաբերությունները: «Իլհամ Ալիևի այս քայլն արտացոլում է մեր երկրների սերտ բարեկամությունը»,- ռուսական ՏԱՍՍ գործակալությանն ասել է Քնեսեթի պատգամավոր Քսենիա Սվետլովան, հավելելով․ «Վերջապես այս պատմությունը կդադարի ստվերել մեր երկկողմ անամպ հարաբերությունները»:

Ալիևն, ի դեպ, այսօր գթասրտության ևս մեկ ցուցադրական ակտ է իրականացրել՝ հրահանգելով քննել «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևի խափանման միջոցը: Երկրի ղեկավարի այս հրահանգից ժամեր անց դատարանը որոշել է քննչական մեկուսարանից ազատ արձակել և տնային կալանք սահմանել ընդդիմադիր լրագրողի նկատմամբ, ով մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ: Դատարանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, որևէ կերպ չի հիմնավորել այդ որոշումը:

Փորձագետներն ու իրավապաշտպանները, մինչդեռ, պնդում են՝ այս քայլերով Ալիևը փորձում է շեղել հասարակության ու միջազգային հանրության ուշադրությունն անցած շաբաթ հրապարակված աղմկահարույց հետաքննությունից, որը նոր փաստեր էր բացահայտել Ադրբեջանի իշխող վարչակազմի բազմամիլիոնանոց կոռուպցիոն գործարքների մասին:

Համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներին միավորող նախագիծը պնդում է՝ 2012-2014 թվականներին Ալիևն ու նրա մերձավոր շրջապատը շուրջ երեք միլիարդ դոլար է օրինականացրել, որը ծախսվել է եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին կաշառելու, էլիտայի համար թանկարժեք գույք, ոսկեղեն ու պճնանքի այլ առարկաներ ձեռք բերելու նպատակով:

Սկանդալային այդ զեկույցի հրապարակումից հետո ամերիկացի կոնգրեսական Դիկ Դուրբինն անցած շաբաթավերջին առաջարկել էր պատժամիջոցներ սահմանել ժողովրդավարությունը ճնշող ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկտամամբ՝ սառեցնելով նրանց օտարերկրյա հաշիվներն ու արգելափակելով մուտքը Միացյալ Նահանգներ: Իլինոյսից ընտրված ազդեցիկ սենատորի առաջարկն անմիջապես տեղ է գտել Սենատի օրակարգում և քննարկման կդրվի ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG