Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին: «Ինտերֆաքսի» տեղեկություններով Ալիևի հրամանագիրը զետեղված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:
2011 թվականի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվել էր Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար:
Ավելի ուշ Բաքվի դատարանում Լապշինին առաջադրվել էր միայն երկրի սահմանն անօրինականորեն հատելու մեղադրանք: Հուլիսին դատարանը Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: