Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պահանջում է պաշտոնանկ անել երկրի պաշտպանության նախարարին՝ իր որոշմանը չենթարկվելու և ՆԱՏՕ-ի զորավարժություններին Մոլդովայի մասնակցությունն ապահովելու համար:
Ավելի վաղ ռուսամետ նախագահն արգելել էր մոլդովացի 57 զինվորականների մասնակցությունն այս շաբաթ Ուկրաինայում անցկացվող՝ ՆԱՏՕ-ի բազմազգ վարժանքներին: Երկրի կառավարությունը, մինչդեռ, հակադարձել էր՝ խորհրդարանական Մոլդովայում այդ հարցը պաշտպանության նախարարի մակարդակով է որոշվում:
Նախօրեին «Ֆեյսբուքում» կատարած գրառմամբ՝ նախագահ Դոդոնը պնդել էր, թե արևմտամետ կառավարությունը Մոլդովան տանում է դեպի ՆԱՏՕ՝ երկիրը ներքաշելով աշխարհաքաղաքական տարաձայնությունների մեջ: