Վրաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հուլիսին է հաստատել, որ մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժություններին: Այս մասին, «Ազատության» հարցմանն ի պատասխան, հայտնել էին Վրաստանի պաշտպանության նախարարության Ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի դեպարտամենտից:
Agile Spirit 2017 զորավարժության մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 3-ին Վրաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան հայտարարել էր․ «Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է դրա պատճառը, ինձ հայտնի չէ»:
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչու Հայաստանը հրաժարվեց մասնակցել այդ վարաժանքներին, ասել էր, որ Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը Վրաստանում սեպտեմբերի 3-ից մեկնարկած զորավարժություններին, «դա պլանավորված էր, բայց ծրագրերում վերանայումներ են եղել»։
Մի շարք քաղաքագետների դիտարկմամբ՝ Հայաստանի այդ որոշումն արտաքին ճնշման հետևանք է և բացասաբար կանդրադառնա երկրի վարկանիշի վրա: Այդպե՞ս է արդյոք: Ի վերջո՝ այս բավականաչափ հակասական լրահոսի ֆոնին ու՞մ հավատալ՝ Հայաստանի՞, թե Վրաստանի պաշտպանության նախարարությանը: «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի այսօրվա թողարկման ընթացքում հենց այս հարցերն են քննարկում Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
Իգիթյանի կարծիքով, այստեղ էական չէ հարցը՝ կմասնակցի՞ Հայաստանն այդ զորավարժություններին, թե ոչ: «Այնպես չէ, որ եթե մասնակցենք, Ռուսաստանը կպատժի, եթե չմասնակցենք՝ ՆԱՏՕ-ն կպատժի: Նման բան չկա: Բայց այս ամենի հետևանքով դարձյալ տուժում է Հայաստանի միջազգային վարկանիշը, երկիրը ձեռք է բերում ոչ վստահելի գործընկերոջ համբավ, մի երկրի համբավ, որը կարող է վերջին պահին փոխել իր որոշումը: Պատահական չէ, որ այժմ ինչպես ողջ հայաստանյան հասարակությունը, այնպես էլ միջազգային հանրությունը քննարկում են հարցը՝ Հայաստանն, ի վերջո, ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կստորագրի՞, թե ոչ»,- ասում է Հովհաննես Իգիթյանը:
Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ, վերջին պահին զորավարժություններին մասնակցությունից հրաժարման՝ հայկական կողմի որոշումն, ըստ ամենայնի, «շատ հիմնավոր» է եղել: Այդ վարժանքները, նրա խոսքով, Հայաստանի համար առանձնապես մեծ արժեք չեն ներկայացնում, թեև երկրի գործընկերային համբավն իրոք որոշակիորեն տուժեց: Սակայն, Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ մասնակցելու դեպքում Հայաստանի համար բավականաչափ լուրջ խնդիրներ կարող էին ծագել:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում