Մատչելիության հղումներ

Նորքի զինված խմբի դատավարությանը ցուցմունք տվեցին գործից անջատված մասով դատապարտվածները


2 տարի առաջ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից վնասազերծված Նորքի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեցին 5 անձինք, որոնք գործից անջատված մասով արդեն մեղավոր են ճանաչվել ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու մեջ:

Նրանք հիմնականում նշեցին, որ նախաքննական ցուցմունքին ավելացնելու ոչինչ չունեն, ըստ որի՝ իրենց զենք-զինամթերք են փոխանցել, բնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նպատակ ունեցող խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանին:

Գյումրեցի տաքսու վարորդ, այժմ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Անուշավան Ավետիսյանը այս գործից անջատված մասով մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու մեջ՝ դատապարվելով 3 տարվա ազատազրկման: Նա հրաժարվեց ցուցմունք տալ ու պատասխանել հարցերին:

Ուստի մեղադրող դատախազն ընթերցեց նրա նախաքննական ցուցմունքը: Ըստ այդմ՝ Ավետիսյանը Ստեփան Չիլինգարյանից ձեռք բերած զենքը փոխանցել էԱրթուր Վարդանյանին: Ըստ ցուցմունքի՝ զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն իրեն առաջարկել է կռվել Սիրիայում՝ ստանալով համապատասխան վարձատրություն:

Հակով Հակոբյանը նույնպես պատիժը կրում է «Արթիկ» ՔԿՀ-ում: Ազատազրկման է դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով: Նա ասաց, որ Գյումրիում տաքսի ածռայությունում որպես վարորդ է աշխատել: Ասաց նաև, որ Արթուր Վարդանյանին որպես հաճախորդ է ճանաչել ու զենք է փոխանցել Արթուրին, որպեսզի նա Քեսաբում կռվի:

Մկրտիչ Հովհաննիսյանն այս պահին «Վարդաշեն» ՔԿՀ-ում է իր պատիժը կրում՝ կրկին Արթուր Վարդանյանին զենք -զինամթերք փոխանցելու համար: Նա ասաց, որ խմբի անդամներից Խաչիկ Ավետիսյանն իրեն ասել է, որ զենք է պետք Քեսաբ ուղարկելու համար, ինքն էլ պատերազմի տարիներից պայթուցիկ նյութեր է ունեցել ու դրանք փոխանցել է Խաչիկ Ավետիսյանին:

Երբ մեղադրող դատախազն ընթերցեց նրա նախաքննական ցուցմունքը, Հովհաննիսյանը դատարանում ասաց, որ ինքը երեք պայթուցիկ է փոխանցել Խաչիկ Ավետիսյանին, մինչդեռ դատախազի ընթերցած նախաքննական ցուցմունքում իրեն վերագրված զենքերն ավելին են:

Հայաստանում բռնությամբ իշխանությունը յուրացնելու նպատակ ունեցած այս խումբը, ըստ ԱԱԾ-ի, ծրագրել էր պայթեցնել նախագահի ինքնաթիռն ու գրավել Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, նախագահի նստավայրի ու Հանրային հեռուստաընկերության շենքերը: Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 33 անձի: Գործից անջատված մասով մյուս վկաներն ու մեղադրյալները կհարցաքննվեն մյուս շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG