Մատչելիության հղումներ

ԵՄ-ն եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գործընկերներից մեկը. վարչապետ


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին վերաբերող հարցեր:

«Ցանկանում եմ վերահաստատել, որ Եվրոպական միությունը, ի դեմս իր բոլոր կառույցների, եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գործընկերներից մեկը», - ընդգծել է վարչապետը:

Սվիտալսկին՝ անդրադառնալով գործակցության ներկա փուլին, նշել է, որ նախապատրաստվում են շատ լուրջ իրադարձության՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, որը համագործակցության նոր էջ է լինելու:

Նա հավաստիացրել է, որ իրենց կողմից արվելու է ամեն ինչ, որպեսզի գործակցության բոլոր ուղղությունները նոր որակ ստանան: Ըստ դեսպանի, Միասնական աջակցության շրջանակային փաստաթուղթը շատ խոսոտումնալից է և նոր տարրեր է ներառելու:

«Մենք մեծապես աջակցում ենք բարեփոխումների ձեր օրակարգին: Արտաքին փորձագետների միջոցով մանրամասն վերլուծել ենք ձեր բարեփոխումների ծրագիրը: Դա հավակնոտ ծրագիր է, հիմա մենք մտածում ենք, թե ինչպես Հայաստանում մեր գործողություններն ավելի հարմարեցնենք բարեփոխումների ձեր օրակարգին: Մենք ցանկանում ենք գումարներ ներդնել այնտեղ, որտեղ գտնում եք, որ բարեփոխումներն արդյունավետ կլինեն», - նշել է դեսպանը:

Վարչապետն իր հերթին նկատել է, որ ԵՄ-ի կողմից համագործակցությունն ու աջակցությունը բարեփոխումների ծրագրին՝ հետևողական ու հաստատակամ լինելու լրացուցիչ լիցք է հաղորդում: «Գնահատելի է, որ ձեր փորձագետները վերլուծել են կառավարության ծրագիրը և համակարծիք են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Ուզում եմ հավաստիացնել, որ մենք գիտենք, պատկերացնում ենք՝ ինչպես պետք է մեր երկիրը փոխենք ու գիտենք նաև մեր խնդիրներն ու թերությունները», - ընդգծել է վարչապետը:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի և Միասնական աջակցության շրջանակի վերաբերյալ աշխատանքները բնականոն հունով են ընթանում, և իրենց պատկերացումներն ու մոտեցումները համընկնում են:

Երկուստեք կարևորվել է ԵՄ աջակցությունից օգտվելու համար արդյունավետ ծրագրերի ընտրությունը, ինչպես նաև իրականացվելիք ծրագրերի թափանցիկությունն ու թիրախային բնույթը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ավիացիոն ոլորտի համաձայնագրի հետ կապված հարցերին, մտքեր փոխանակել ԵՄ-ում ներկայիս քաղաքական գործընթացների շուրջ։

Հիշեցնենք՝ ավելի քան երեք տարի Եվրամիության հետ բանակցություններից հետո, 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը։

Հետո Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության նոր համաձայնագիր մշակեցին. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվեց 2017 թվականի սկզբին և այն կստորագրվի ընթացիկ աշնանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG