Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտան չորեքշաբթի օրը Բուդապեշտում տված ասուլիսում անդրադարձել էլ հրապարակումներին այն մասին, որ 2012-ից 2014թթ․ Ադրբեջանը միլիոնավոր եվրոների հասնող գումարներ է ուղղել Հունգարիայի ազդեցիկ պաշտոնյաների և կազմակերպությունների:
«Քաղաքական գործիչներին և լրագրողներին կաշառելն անթույլատրելի է՝ և՛ Եվրոպայում, և՛ այլուր», - շեշտել է արտգործնախարարը՝ կտրականապես հերքելով, թե Հունգարիայի արտգործնախարարությունը այդ գումարային հոսքերի ազդեցությամբ քաղաքական որոշումներ է կայացրել և հույս հայտնելով, որ տարվող հետաքննությունը հնարավորինս շուտ կպարզի ճշմարտությունը:
Սեպտեմբերի 5-ին «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագիծը» (OCCRP) հետաքննություն էր հրապարակել՝ այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատան» մասին, որը գործել է 2012-ից 2014 թվականներին եվրոպական մի շարք երկրներում: Հետաքննությունում, մասնավորապես, նշվում է, որ այդ ժամանակահատվածում հունգարական բանկային հաշվեհամարներին ընդհանուր առմամբ 9 միլիոն դոլար է փոխանցվել: Ուշագրավ է, որ այդ փոխանցումների կատարման ժամանակահատվածը համընկնում է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին Հունգարիայի իշխանությունների կայացրած որոշման հետ: