Մատչելիության հղումներ

Վրաստանի ՊՆ․ Հայաստանը դեռ հուլիսին էր հաստատել իր մասնակցությունը Agile Spirit 2017 զորավարժությանը


Վրաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հուլիսին է հաստատել, որ մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժությանը: Ընդ որում, վրացական ռազմական գերատեսչությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը զորավարժության նախօրեին է հրաժարվել մասնակցությունից՝ առանց պատճառը նշելու:

Այս մասին սեպտեմբերի 7-ին «Ազատությանը» գրավոր տեղեկացրել են Վրաստանի պաշտպանության նախարարության Ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի դեպարտամենտից:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային «Ազատության» ուղարկած հարցմանն ի պատասխան՝ նշված դեպարտամենտից հայտնել են․- «Համաձայն 2016թ․-ին հաստատված 2017թ․-ի ծրագրի, Agile Spirit 2017 անվամբ ԱՄՆ-Վրաստան զորավարժությունը՝ միջազգային մասնակցությամբ, ծրագրված էր անցկացնել 2017թ․ սեպտեմբերի 3-12-ը: Ամերիկյան կողմի համաձայնությամբ՝ Վրաստանը [ս․թ․] փետրվարի 2-ին հրավերներ էր ուղարկել տարբեր երկրների՝ ներառյալ Հայաստանին՝ զորավարժությանը մասնակցելու համար:

Զորավարժությունը ծրագրվում է համաժողովի ցիկլերի միջոցով, որոնցից կարևորագույնը՝ վերջնական պլանավորման համաժողովն է, ուր հրավիրված երկրները վերջնականապես հաստատում են իրենց մասնակցությունը, մասնակից զինծառայողների թվաքանակը, մասնակցության ուղղությունները և համաձայնում են լոգիստիկ ու վարչական այլ հարցերի շուրջ: Հրավերի պաշտոնական նամակը ստանալուց հետո Հայաստանի Զինված ուժերի երկու ներկայացուցիչներ մասնակցեցին Վրաստանում 2017թ․ հուլիսի 10-13-ը կայացած վերջնական պլանավորման համաժողովին և հաստատեցին հայաստանցի երեք սպաների մասնակցությունը միջազգային զորավարժությանը»:

Այն, որ Հայաստանը ևս մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժությանը, հուլիսի 12-ին հայտնել էր Վրաստանի պաշտապանության նախարարության պաշտոնական կայքէջը՝ տեղեկացնելով, որ մեկնարկել է զորավարժության վերջնական պլանավորման համաժողովը, համաժողովի մասնակիցներին ողջունել է զորավարժության հրամանատար, գնդապետ Գիորգի Մաթիաշվիլին: Հաղորդագրությունը ցայսօր առկա է կայքէջում:

Վրաստանի պաշտապանության նախարարությունից «Ազատությանը» ուղարկած պաշտոնական գրության մեջ նաև նշված է․ «Agile Spirit 2017-ի ակտիվ փուլի մեկնարկից կարճ ժամանակ առաջ վրացական կողմը տեղեկացվեց, որ հայաստանցի սպաները չեն կարող մասնակցել զորավարժությանը: Հրաժարվելու պատճառը չներկայացվեց: Agile Spirit 2017-ը՝ միջազգային հրամանատարական կայազորային և դաշտային զորավարժություն է, որը նպատակ ունի բարելավել Վրաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների և տարածաշրջանային գործընկերների փոխգործակցությունը: Յոթ երկրներից ավելի քան 1500 զինծառայողներ մասնակցում են զորավարժությանը: Մասնակիցները յուրահատուկ փորձ են ձեռք բերում, թե ինչպես ներգրավվել ռազմական գործողություններին նոր իրականությունում և պայմաններում»:

Agile Spirit 2017 զորավարժության նախկին տարբերանշանը, ուր առկա է Հայաստանի դրոշը
Agile Spirit 2017 զորավարժության նախկին տարբերանշանը, ուր առկա է Հայաստանի դրոշը

Agile Spirit 2017 զորավարժության մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 3-ին Վրաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան հայտարարել էր, որ «Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է դրա պատճառը, ինձ հայտնի չէ»:

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանը հրաժարվեց մասնակցել զորվարաժությանը ասել էր, որ Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը Վրաստանում սեպտեմբերի 3-ից մեկնարկած զորավարժություններին, դա պլանավորված էր, բայց ծրագրերում վերանայումներ են եղել։

«Պաշտոնապես հայտարարված չի եղել, որ մասնակցելու ենք, որ հիմա էլ ասենք՝ չենք մասնակցում: Ցանկացած ծրագրերի մեջ որոշակի վերանայումներ հնարավոր են: Արտառոց որևէ բան դրա մեջ մի տեսեք, դա Զինված ուժերի սովորական, առօրյա գործունեությունն է և իր ծրագրերի մեջ որոշակի փոփոխություններ կարող է իրականացնել»,- ասել էր Զաքարյանը:

Հարցին՝ եթե Հայաստանը իր մասնակցությունը պաշտոնապես չէր հաստատել, ապա ինչու՞ է վրացական կողմը Հայաստանը պաշտոնապես նշել մասնակիցների ցանկում, Արտակ Զաքարյանը պատասխանել էր․ «Ես չգիտեմ որտեղից են վերցրել Վրաստանում մեր գործընկերները, դրա համար՝ կճշտեն համապատասխան օղակները, այդ հարցի վերաբերյալ պարզաբանումներ կտան»:

Սեպտեմբերի 4-ի երեկոյան էլ հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի պաշտպանության նախարարությունը․ «Զորավարժություններին Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության ձևաչափը որոշվում է` ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային փոխգործունակության պլանային կարիքներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել: Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»,- նշված էր ՊՆ հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG