Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հորդորում է Գոռ Հակոբյանին վնասազերծած դիպուկահարին «երկրորդ կրակոց չվերագրել»


Երևանի բիլարդ ակումբներից մեկում օգոստոսի 29-ին երիտասարդ կնոջ պատանդ վերցրած Գոռ Հակոբյանին վնասազերծելիս ոստիկանությունը մարդկանց չի տարհանել, որպեսզի «միջոցառման հանկարծականությունը դրանից չտուժի»:

«Եթե այդ պահին քաղաքացիներին այդտեղից տեղափոխելու միջոցառում իրականացվեր, արհեստական լարվածություն էր մտնելու և ինքը՝ անձը, կարող էր ենթադրել, որ իր նկատմամբ պատրաստվում էր ուժի կիրառման միջոցառում», - «Ազատությանը» տված հարցազրույցում այսօր պարզաբանեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը՝ արձագանքելով քննադատությանը, թե ոստիկանությունը համակարգված չի գործել և դիպուկահարի կրակոցից առաջ տարածք չի ազատվել: - «Դրա համար հատուկ, արհեստական լարվածություն չի մտցվել, որպեսզի միջոցառման հանկարծականությունը դրանից չտուժի», - հավելեց Քոչարյանը:

Հիշեցնենք՝ դեպքից հետո Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ պատանդին ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չեն տվել. տղամարդը հրաժարվել է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին։ Կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով՝ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ նա ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Գ.Հակոբյանի կենսաբանական մահը։

«Ազատության» հետ զրույցում արձագանքելով բանակցողների պրոֆեսիոնալիզմի և դրանցում հոգեբաններ չընդգրկելու մասին քննադատությանը, Քոչարյանը հայտարարեց, որ դեպքի վարում գործող ոստիկանության ներկայացուցիչները ունեցել են բանակցություններ վարելու հմտություններ: Ինչ վերաբերում է կարծիքներին, որ հնարավոր էր Հակոբյանին վնասազերծել, առանց նրան կյանքից զրկելու՝ Ոստիկանության շտաբի պետը արձագանքեց․ - ««Կոնկրետ դեպքում վնասազերծելու միակ հնարավոր միջոցը դիպուկահարի կողմից կրակ բացելն էր, Ոստիկանության համար այս հարցը վիճելի չէ: Ընդ որում, դիպուկահարը կրակ բացել էր ուսի ուղղությամբ, ձգտել է, որպեսզի նրան պատճառվող վնասը հասցվի նվազագույնի, բայց հանգամանքների բերումով ցանկալի արդյունքի չի հասել»:

«Հայկական ժամանակ» թերթը տեսանյութ էր հրապարակել, որտեղ հստակ լսվում, երևում է, որ դիպուկահարի կրակոցից հետո կատարվել է ևս մեկ կրակոց: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այս առնչությամբ Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ «հատկապես երկրորդ կրակոցը պետք է հստակ հետաքննության ենթարկվի և պարզվի, թե արդյո՞ք դա է եղել պատանդառուի մահվան պատճառը»:

Այս առնչությամբ Հովհաննես Քոչարյանը հայտարարեց․ - «Կտայի պարզաբանումներ, բայց մտահոգություն ունեմ, որ նախաքննական գաղտնիք կհրապարակեմ: Երկրորդ կրակոցի վերաբերյալ սպառիչ տեղեկատվության Ոստիկանությունը տիրապետում է, մենք կարող ենք դրա մասին ասել, բայց քննիչի հետ խորհրդակցելուց հետո: Դա դիպուկահարի հետ կապ չունի, դիպուկահարին երկրորդ կրակոց մի վերագրեք»:

Ինչ վերաբերում է սոցցանցերում տարածված քննադատությանը, թե դիպուկահարի շուրջը անվտանգ տարածք չէր ապահովված, ոստիկանության ներկայացուցիչը պնդեց․ - «Անվտանգ տարածքի չափը ապահովված էր և ընդամենը տակտիկական նկատառումներով էր պայմանավորված, որ միանգամից մարդկանց տեղափոխման գործողություն չի արվել, և բացի այդ՝ դրա ժամանակն էլ չի եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG