«Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի կողմից ֆրանսիացի երկու լրագրողների դեմ սկսված դատավարությունը երկարատեև լսումների ընթացքում ստացել է մեղադրող կողմի համար անսպասելի և տհաճ բնույթ՝ վերածվելով Բաքվի բռնապետության դեմ մի դատավարության»: Նման եզրակացություն է անում «Լը Մոնդ» հեղինակավոր օրաթերթն այսօր տպագրված մի հրապարակման մեջ:
Ադրբեջանի կառավարությունը հայց էր ներկայացրել Ֆրանսիական դատարան՝ պահանջելով զրպարտության համար պատժել երկու ֆրանսիացի լրագրողների՝ Էլիզ Լյուսեին և Լորան Ռիշարին: Վերջիններս երկու տարի առաջ ֆրանսիական հանրային հեռուստաընկերության եթերում բռնապետական էին որակել Ալիևի վարչակազմը: «Այս շրջադարձն անտրամաբանական չէ, քանի որ «բռնապետություն» բառը հենց այդ [դատական] գործի կենտրոնում էր սկսվելուց ի վեր»,- գրում է ֆրանսիական պարբերականը:
Ի դեպ, այդ բառն արդեն քանիցս օգտագործվել է միջազգային լրատվամիջոցների, այդ թվում և «Լը Մոնդի» կողմից՝ Ալիևի ընտանիքի հաստատած կարգը որակելու համար: Բայց այս անգամ հարցն այն է, որ, ինչպես նշել է ֆիլմի հեղինակներից մեկը, իրենք այդ ֆիլմով «դիպել են ցավոտ կետին», այն է՝ Ֆրանսիայում Ադրբեջանի պաշտպանությամբ հանդես եկող ֆրանսիացի և եվրոպացի պատգամավորներին՝ իրենց ֆիլմի թիրախը դարձնելով նրանցից մի քանիսին:
Ըստ ֆիլմի հեղինակի, այդ պատգամավորները բողոքել են Բաքվին՝ բացատրելով, որ իրենց համար այլևս դժվար է լինլեու շարունակել խաղալ նույն դերը: Դատավարության ժամանակ Բաքվի մշտական պաշտպաններից մի քանիսը փորձել են Ադրբեջանը ներկայացնել, որպես հանդուրժող պետություն, որը «հետզհետե առաջանում է» մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
Պաշտպանվող կողմը, մինչդեռ, արձանագրել է Ադրբեջանը բնորոշող հայտնի իրողությունները՝ մամուլի անազատություն, քաղբանտարկյալների առկայություն՝ երևան հանելով մեղադրողների կողմնակալությունը: Այս համատեքստում պաշտպանվող կողմը հատկապես նշել է «Ադրբեջանի բարեկամների միություն» կազմակերպության մասին, որը ֆինանսավորվում է Ալիևի տիկնոջ ղեկավարած հիմնադրամից:
«Լը Մոնդը», մասնավերապես, անհեթեթ է համարում դատավարության այն դրվագը, երբ ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսի՝ ադրբեջանական բանտում խոշտանգումների ենթարկվելու մասին վերջինիս ցուցմունքներից հետո, մեղադրող կողմը նրան հարց է ուղղել ԼՂ հարցի հանդեպ ունեցած դիրքորոշման մասին: «Ըստ ձեզ, ո՞վ է իրավացի, Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը»,- Յունուսին հարց է ուղղել Ադրբեջանի կառավարության փաստաբանը:
«Հնարավոր է, որ դատական ատյանն անընդունելի համարի մեղադրող կողմի հայցը»,- գրում է «Լը Մոնդն» ու շարունակում․ «Մանավանդ, որ դրանով վտանգվում է մամուլի ազատությունը: Ինչպե՞ս կարող է մի օտար երկիր դատական կարգով հետապնդել լրագրողներին հենց Ֆրանսիայի հողում, երբ նույնիսկ ֆրանսիական պետությունը չունի այդ իրավունքը»: