Մատչելիության հղումներ

Կրթության նախարար․ Սերժ Սարգսյանը տեղյակ չէր, որ պարգևատրում է Հրազդանի քաղաքապետի որդուն


Կրթության նախարարի պնդմամբ, նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել, որ իր կողմից օրերս պարգևատրված աշակերտներից է Հրազդանի հանրապետական քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, ում մեղադրանք է ներկայացված 58-ամյա տղամարդուն մահացու վրաերթի ենթարկելու համար:

«Ընդհանուր ցանկով մենք ենք ներկայացրել [պարգևատրվող աշակերտներին]», - այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: - «Ցանկ ենք ներկայացնում: [Նախագահը] ինչո՞ւ պիտի իմանա, կամ չիմանա, չէ՞ որ առաջադիմության համար մեդալ է տրվում»:

Օգոստոսի 29-ին Սերժ Սարգսյանը ոսկե մեդալներ ու գովասանագրեր էր հանձնել բարձր առաջադիմություն ցուցաբերած մի խումբ աշակերտների՝ այդ թվում Հրազդանի քաղաքապետի որդուն: Ներկա էր նաև նախարար Մկրտչյանը:

16-ամյա Ռազմիկ Դանիելյանի անունը լրատվամիջոցներում հայտնվեց երեք ամիս առաջ, երբ Քննչական կոմիտեի համաձայն, Հրազդանում բնակվող պատանին, հունիսի 8-ին վարելով Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան, խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և վրաերթի ենթարկել ճանապարհը հատող Վալերի Թորոսյանին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր: Դանիելյանին մեղադրանք էր ներկայացվել, սակայն նա ստորագրությամբ ազատ էր արձակվել:

Իշխող Հանրապետական կուսակցությանը շուրջ 20 տարի անդամակցող և Հրազդանը մոտ 15 տարի շարունակաբար ղեկավարող Արամ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ վրաերթ կատարողը իր որդին է:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի խոսքերից այսօր պարզ դարձավ, որ դեպքից երեք ամիս անց իրավապահ մարմինը դեռ չի կարողացել ստանալ փորձաքննության վերջնական եզրակացությունը:

«Մենք պետք է եզրակացություն ստանանք, որ կարողանանք վերջնական գնահատական տալ: Որևէ անձի մեղավորության գնահատականը պետք է տրվի փորձաքննության եզրակացության հիման վրա», - ասաց Տռուզյանը:

Կրթության և գիտության նախարարին այսօր հարցրեցինք՝ արդյոք Հրազդանի քաղաքապետի որդուն Հանրապետության նախագահի մակարդակով պարգևատրելը յուրահատուկ ուղերձ չէ՞ հանրությանը, իրավապահ մարմնին, որ իշխանությունները հանրապետական քաղաքապետի ու նրա որդու թիկունքին են: Լևոն Մկրտչյանը արձագանքեց՝ «չեմ կարծում»:

«Անկախ նրանից՝ պաշտոնյայի երեխա է, պաշտոնյայի երեխա չի, դժբախտ դեպք եղել է, և այլն՝ ինքը ստանում է ոսկե մեդալը իր աշխատանքի հիման վրա: Ես հետաքրքրվել եմ, իսկապես լավ սովորող երիտասարդ է, դպրոցից կարող եք հետաքրքրվել», - հավելեց նախարարը: - «Եթե եղել է դժբախտ դեպքը, ի՞նչ հիմքով իր ուսման, գիտելիքի համար նախատեսված պարգևը իրեն պիտի չտրվի: Որևէ պաշտոնյայի երեխա իրավունք չունի՞ մեդալակիր լինելու»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով, մինչդեռ, պարգևատրելով Հրազդանի քաղաքապետի որդուն, նախագահ Սարգսյանը ուղերձ է հղել իրավապահ մարմիններին՝ անպատիժ թողնել պատանուն:

«Մենք շատ դեպքեր գիտենք, երբ հանրապետականների հանցագործություններից հետո նախագահը՝ Սերժ Սարգսյանը, նրանց պատվել է մեդալներով: Օրինակ՝ «Հարսնաքարի» դեպքից հետո Ռուբեն Հայրապետյանին երախտագիտության մեդալ շնորհվեց», - հիշեցրեց Ժաննա Ալեքսանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG