Մատչելիության հղումներ

Роскомнадзор-ը կարող է դիմել հայկական ԶԼՄ-ի՝ հոդված հեռացնելու պահանջով․ Պաշտոնյա


Ռուսաստանում ԶԼՄ-ների ոլորտը վերահսկող պետական ծառայությունը՝ Роскомнадзор-ը, կարող է դիմել հայաստանյան լրատվամիջոցին՝ որևէ նյութ հեռացնելու պահանջով, եթե ռուսաստանյան օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է: Այս կարծիքին է Անձնական տվյալների պաշտպանության հայաստանյան գործակալության ներկայացուցիչ Գևորգ Հայրապետյանը:

Օրեր առաջ Роскомнадзор-ը դիմել էր հայաստանյան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին՝ պահանջելով կազմակերպության կայքից հեռացնել ռուսաստանաբնակ գործարար, վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնադրած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ Ռուբեն Թաթուլյանի՝ Չեխիայում ձերբակալվելու մասին հոդվածը:

«Իրեննք առաջնորդվում են իրենց օրենսդրությամբ և օրենքով իրենց տրված լիազորություններով: Եթե նայենք բարեխղճության կանխավարկածով, ապա Роскомнадзор-ը, եթե չունենար իրենց օրենսդրությամբ սահմանված հնարավորություն, ապա չէր դիմի»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգ Հայրապետյանը:

Armrus.info կայքում չորս ամիս առաջ հրապարակված հոդվածում պատմվում է, որ «քրեական հեղինակություն հանդիսացող»՝ Ռոբսոն մականունով հայտնի Ռուբեն Թաթուլյանը և քրեական աշխարհի 3 այլ ներկայացուցիչներ ձերբակալվել են Չեխիայում «օրենքով գողերի թագադրման ժամանակ»: Հոդվածի համաձայն, միջոցառումը ֆինանսավորել է հենց Թաթուլյանը, որը Չեխիա է ժամանել հայկական դիվանագիտական անձնագրով: Ավելի ուշ Թաթուլյանը հերքել էր ձերբակալվելու մասին լուրը, և նրա դիմումի հիման վրա էլ Роскомнадзор-ը հոդվածը հեռացնելու պահանջով դիմել է հայաստանյան լրատվամիջոցին, նշելով, որ armrus.info կայքում հրապարակված տեղեկությունը խախտում է Ռուբեն Թաթուլյանի անձնական կյանքի գաղտնիությունը:

Անձնական տվյալների պաշտպանության հայաստանյան գործակալության ներկայացուցչի խոսքով՝ ցանկացած քաղաքացի ինքն է որոշում, որ մարմնի միջոցով պաշտպանել իր իրավունքները: «Մարդն ինքն է որոշում՝ իր անձնական տվյլաները պաշտպանի, թե չէ, համաձայն է անձնական տվյալի մշակման հետ, թե չէ: Ասենք՝ հրապարակվի՞, թե չէ: Ինքն է որոշում նաև, թե ինչպես պաշտպանի [անձնական տվյալը]: Օրինակ՝ կարող է դիմել գորածակալությանը, կարող է չդիմել ու միանգամից գնալ դատարան, կարող է ընտրել բանակցելու տարբերակը»,- շարունակեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ներկայացուցիչը:

armrus.info կայքը տնօրինող «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նախօրեին «Ազատությանը» հայտնել էր, որ իրենք չեն պատրաստվում կատարել Роскомнадзор-ի պահանջն ու հեռացնել Թաթուլյանի ձերբակալության մասին հոդվածը, քանի որ իրենք առաջնորդվում են հայաստանյան օրենքներով ու կարծում են, որ որևէ անձնական տվյալ չեն հրապարակել:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ներկայացուցչի խոսքով՝ իրենք չեն կարող գնահատել՝ հայաստանյան լրատվամիջոցի հրապարակումն իրավաչա՞փ էր, թե ոչ, քանի դեռ չունեն դիմում և չեն ուսումնասիրել տվյալ դեպքը: Այդուհանդերձ, ըստ գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանի՝ պահանջների չկատարման դեպքում Роскомнадзор-ն առավելագույնը կարող է կասեցնել հայաստանյան լրատվամիջոցի գործունեությունը Ռուսաստանի տարածքում: Իսկ այլ քայլերի համար պետք է դիմի Անձնական տվյալների պաշտպանության հայաստանյան գործակալությանը:

«Եղել է դեպք, երբ մենք ենք դիմել Роскомнадзор-ին Ռուսաստանում գրանցված կազմակերպության կողմից մեր քաղաքացիների անձնական տվյալների մշակման պաշտպանության համար, եղել է նաև դեպք, երբ Роскомнадзор-ն է դիմել մեզ՝ Հայաստանում գրանցված կազմակերպության կողմից ՌԴ քաղաքացիների անձնական տվյալների մշակման իրավաչափությունը ստուգելու համար»,- ասաց Գևորգ Հայրապետյանը:

Սոչիաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը, ռուսական որոշ լրատվամիջոցների պնդմամբ, Ռուսաստանի հարավում բիզնեսն ու իրավապահ համակարգը վերահսկող հեղինակություններից է: Նա նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնած՝ «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ այն 30 գործարարներից է, ովքեր տարեսկզբին հայտարարել էին, որ աջակցելու են Կարապետյանին՝ Հայաստանում «խորը բարեփոխումներ անցկացնելու գործում»:

Արդյո՞ք քրեական պատմությունների հետ կապվող գործարարի առնչությունը վարչապետի նախաձեռնած ներդրողների ակումբին չի վնասում այդ կառույցի հեղինակությանը, «Ազատության» այս հարցին ի պատասխան, վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար Արամ Արարատյանն ասաց․ «Այդ ակումբը մեզ ենթակա կառույց չէ, ուստի՝ մենք որևէ լիազորություն չունենք՝ որոշելու, թե ով պետք է ընդգրկված լինի դրա կազմում, կամ ով չպետք է ընդգրկված լինի: Նայև հայտնեմ, որ վարչապետը պարտավոր չէ՝ իմանալ խմբի բոլոր անդամներին: Կառավարության մոտեցումները շատ հստակ են՝ մենք պատրաստակամ ենք աջակցել ու համագործակցել ցանկացած գործարարի հետ, որը պատրաստ է ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում»:

Այսօր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից «Ազատության» հետ զրույցում չհստակեցրին՝ արդյո՞ք Ռուբեն Թաթուլյանը որևէ ներդրում է արել Հայաստանում: Նշեցին միայն, որ գործարարների կատարած ներդրումների ծավալն առևտրային գաղտնիք է և հրապարակման ենթակա չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG