Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը երրորդ անգամ ստանձնեց ԼՂ նախագահի պաշտոնը


Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր տեղի ունեցավ Ղարաբաղի վերընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը։ 57-ամյա Սահակյանը այս պաշտոնը ստանձնում է երրորդ անգամ։

Նախագահի երդմնակալությունը տեղի ունեցավ Ղարաբաղի խորհրդարանի հատուկ նիստում, Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ 17-րդ դարի ավետարանի և Ղարաբաղի սահմանադրության վրա Սահակյանը երդվեց պահպանել ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ - «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Այս տարեսկզբին կայացած սահմանադրական փոփոխություններից հետո Ղարաբաղը անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի: Առաջիկա երեք տարիներին Լեռնային Ղարաբաղը պետք է ղեկավարվի անցումային փուլի ռեժիմով:

Անցումային նախագահին ընտրելու իրավունքը խորհրդարանինն էր, որն այս տարվա հուլիսի 19-ին մեծամասնության ձայներով այդ պաշտոնում վերընտրեց Բակո Սահակյանին։

Վերընտրվելու առթիվ շնորհավորանքներ ստանալուց հետո Բակո Սահակյանը ելույթով հանդես եկավ՝ հայտարարելով, որ ուշադրություն է դարձնելու անվտանգությանը, բարեկեցությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, շարունակելու է զարգացնել տնտեսությունը․ - «Մենք անելու ենք ամեն ինչ՝ հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելու։ Եվ այդ ճանապարհին ես մեզ բոլորիս հաջողություն եմ ցանկանում»:

Բակո Սահակյանի երդմնակալության արարողությանը ներկա էին Ղարաբաղի պաշոնյաները: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն օրհնեց վերընտրված նախագահին և հորդորեց վճռականությամբ շարունակել առաջնորդել Ղարաբաղի ժողովրդին․ - «Դուք ստանձնեցիք երկրի առաջնորդի պաշտոնը: Եվ մեր աղոթքն է, որ Դուք նույն ավյունով, նույն վճռականությամբ շարունակեք այս վսեմ պարտականությունը՝ առաջնորդելու մեր երկիրը դեպի բարգավաճում, խաղաղություն և հաջողություն: Թող Տերը Ձեզ պարգևի երկաթե առողջություն, համբերություն և շնորհի Ձեզ բազում-բազում բարի պտուղներ, որին մեր ժողովուրդը իսկապես արժանի է»:

Նիստի ավարտին Ղարաբաղի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը ընդգծեց, որ երդմնակալության հանդիսավոր միջոցառմամբ երկրում քաղաքական նոր փուլի սկիզբ է դրվում, որի գլխավոր նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության հետագա բարձրացումն է․ - «Խորապես համոզված եմ, որ նախագահ Բակո Սահակյանի փորձառությունը, ժողովրդավարական գործընթացները զարգացնելու վճռականությունը, երկրի տնտեսական, սոցիալական ու հանրային-քաղաքական կյանքում սկսած բարեփոխումները շարունակելու կամքը, անվտանգության ու պաշտպանական համակարգերի նկատմամբ նրա ընդգծված ուշադրությունը, Զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման ուղղությամբ հետևողական ջանքերը, զինծառայողների սոցիալական խնդիրների հանդեպ հոգատարությունը բավարար հիմքեր են քաղաքական ուղեգիծն անշեղ պահելու և մեր ժողովրդին հուզող խնդիրներին համարժեք լուծումներ գտնելու դժվարին ու պատասխանատու գործում»:

Սահմանադրության համաձայն, այսօր Ղարաբաղի կառավարությունը հրաժարական ներկայացրեց։ Առաջիկա 20 օրերի ընթացքում նախագահ Բակո Սահակյանը նոր կառավարություն կձևավորի և կղեկավարի: Ի

սկ վարչապետի պաշտոնը Ղարաբաղում վերանում է, այն փոխարինվում է պետական նախարարով։ Ղարաբաղի վարչապետը Արայիկ Հարությունյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG