Մատչելիության հղումներ

Յանուկովիչի դեմ Ուկրինայում առաջադրված ծանր մեղադրանքներին ավելացել է ևս մեկը


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ հայրենիքում առաջադրված մի շարք ծանր մեղադրանքներին նախօրեին ավելացավ ևս մեկը՝ «սահմանադրական հեղաշրջում և ապօրինի ճանապարհով իշխանության զավթում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն։

Նույն գործի շրջանակներում, ըստ ուկրաինացի պաշտոնյայի, մեղադրանք է առաջադրվել նաև արդարադատության նախկին նախարար Ալեքսանդր Լավրինովիչին։

Ուկրաինական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, 2010 թվականին ստանձնելով իշխանության ղեկը, Յանուկովիչը չեղարկել է 2004 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունները, որոնք սահմանափակում են նախագահի լիազորությունները, փոխարենն՝ ընդլայնում խորհրդարանի և կառավարության լիազորությունները։ Այդ փոփոխություններից հրաժարվելու մասին որոշումը Սահմանադրական դատարանն ընդունել է առանց Գերագույն Ռադայի հավանության։

Յանուկովիչն ու նրա երբեմնի թիմակիցներն առայժմ չեն արձագանքել Ուկրաինայի ներկայիս իշխանությունների այս պնդումներին։

2013 թվականի աշնան, հիշեցնենք, Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումից հրաժարվելու՝ Յանուկովիչի որոշումը երկրով մեկ զանգվածային ընդվզումների պատճառ դարձավ՝ հանգեցնելով իշխանափոխության։

Աննախադեպ բողոքի ցույցերի ֆոնին Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայից փախուստի դիմեց՝ ապաստանելով ռուսաստանյան Դոնի Ռոստովում։ Քիչ անց երկրի օրենսդիր մարմինը նրան պաշտոնանկ արեց՝ պնդելով, թե նախագահն ինքնամեկուսացվել է և չի կատարում իր սահմանադրական պարտականությունները։

Ռուսաստանում թաքնվող Յանուկովիչին հայրենիքում մի շարք ծանր հանցանքներում են մեղադրում, այդ թվում՝ 2013-ից 2014 թվականներին Կիևում բողոքի ցույցերի ժամանակ զանգվածային սպանությունների, Ուկրաինայի տարածքային ամբողջականության ոտնահարման, պետական դավաճանության մեջ։

Նախկին նախագահի մեղքը փաստող առանցքային ապացույցների թվում է նրա անունից 2014 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկված նամակի պատճենը, որում Վիկտոր Յանուկովիչը Պուտինին խնդրում է ռուսական զորք ուղարկել Ուկրաինա «օրինականության, խաղաղության, կայունության վերականգնման և Ուկրաինայի բնակչությանը պաշտպանելու նպատակով»։

Մեղադրողը պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել Յանուկովիչին։

Ուկրաինայի նախկին նախագահն ու նրա թիմակիցները հերքում են մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG