Մատչելիության հղումներ

Բյուրականի բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհը առայժմ չի հաջողվում մարել


Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենը այսօր հայտարարեց, որ Բյուրականի բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհն ունի մարդածին բնույթ:

«Ազատության» հարցին, թե արդյոք սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհը չէր կարող սկսվել բարձր ջերմաստիճանի կամ ուժեղ քամու պատճառով, Մուշեղ Ղազարյանը պատասխանեց․ - «Մարդ ֆակտոր․ ինչ-որ մի բան արել ա, ծխախոտ ա գցել միգուցե․․․ Ես չեմ կարող ասել: Դա արդեն համապատասխան մարմինները կաշխատեն, կհայտնաբերեն, կպատժեն»:

Արագ տարածվող կրակի դեմ այսօր 170 հոգի է պայքարում։ Մասնագետներն ասում են, որ ամբողջ գիշեր աշխատել են տեղում և առավոտվա դրությամբ իրենց հաջողվել էր մեկուսացնել բոլոր վառվող օջախները: Սակայն, ինչպես ասաց քաղպաշտպանության վարչության պետ Արտակ Նահապետյանը, բարձր ջերմաստիճանն ու քամին պատճառ դարձան, որ կրակը կրկին արագ տարածվի․ - «Ժամը 12-ի դրությամբ հրդեհ չկար տարածքում, օջախներ կային փոքրիկ: Բայց թե բռնկվելու հետևանքով, թե բնածին թե մարդածին, չեմ կարող ասել, հետաքննությունը կպարզի, բայց տեսնում եք, ներքևում մոտ 200-300 մետր լրիվ անտառը այրվում է: Փորձում ենք ամեն ինչ անել հրդեհը կանխելու համար»:

Փրկարարների համար անկանխատեսելի ձևով կրակը տարածվեց նաև ԱԻՆ օպերատիվ շտաբից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող անտառներում: Արդյունքում ծուխը ծածկեց ամեն ինչ ու շնչելը դժվարացավ։

«Այսօր բավականին սաստիկ քամի սկսվեց և աղավաղեց ամեն ինչ, մեր արած երկու օրվա գործը: Հուսով էինք, որ արդեն մարումը տալու ենք, հետհանգեցման աշխատանքներ անենք, բայց քամին խանգարեց մեզ: Փորձում ենք անտառի մեջ մեկուսացնել: Եթե քամին շարունակվի, մենք չկարողանանք մեկուսացնել, արդեն փորձելու ենք տրասսայի վրայից ուղղակի պահենք, որպեսզի երկրորդ անտառը չմտնի», - ասաց Մուշեղ Ղազարյանը:

Նախարարության քաղպաշտպանության վարչության պետի հետ միասին բարձրացանք նաև անտառմիջյան այն հատվածներից մեկը, որտեղ հրշեջների նոր հերթափոխը փորձում էր պայքարել կրակի դեմ։ Արտակ Նահապետյանը վստահեցրեց, որ բնակավայրերին ոչ մի վտանգ չի սպառնում։ Ըստ նրա, սակայն, բարդ ռելիեֆի պատճառով մասնագետները դժվարությամբ են հասնում անտառում ծխացող հատվածներին․ - «30 մետր բարձրությամբ ձորակը, որը անցնելու հնարավորություն չունենք, բայց մեր փրկարարները ամեն ինչ անում են՝ վտանգելով սեփական անձը, անցնում են 400 մետր հեռավորություն․․․ համապատասխան խողովակները բերել ենք, ձեզանից մի քիչ հետ կատարվում են հրդեհաշիջման աշխատանքները: Մի խոսքով, փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի կրակը չտարածվի, որպեսզի մեր կանաչ տարածքը, անտառային տարածքները չվնասենք, փրկենք ինչքան հնարավոր է»:

Հարցին, թե արդյոք կարիք կա, որ Հայաստանը կրկին դիմի Ռուսաստանի օգնությանն ու կրակը մարվի օդից, մասնագետներն արձագանքում են՝ պետք է համապատասխան վտանգի աստիճան լինի, սակայն, ի տարբերություն Խոսրովի անտառի, այստեղ անարդյունավետ կլինի երկնքից հրդեհաշիջում անել։

«Վերևից չենք կարա մենք կրակ մարենք: Անտառ ա, խիտ անտառ: Արմատի քոքը վառվում ա, վերևից ջուրը լցնեն տերևների վրա, անունն ի՞նչ դնեն», - ասաց Ղազարյանը:

Կրակի տարածումը կանխելու համար Բյուրականի բնակիչները ծանր տեխնիկայով անտառմիջյան խոտածածկ ճանապարհը բաժանում էին իրարից: Մասնագետների խոսքով, դա կօգնի խուսափել նոր օջախներից։ Ըստ նախարարության մասնագետների տվյալների, այս պահին այրվել է մոտ 100 հա տարածք։

Արդեն երեկոյան օպերատիվ շտաբում հերթապահող փրկարար ծառայության տնօրենը ահազանգ ստացավ, որ ևս երկու նոր հրդեհի օջախ է բռնկվել այս անգամ ուրիշ վայրերում։ Ծիրքարի կողմից այրվում է անտառածածկ տարածք, իսկ Հրազդանի կոմղից հրշեջները պայքարում են, որ խոտածածկ տարածքում բռնկված կրակը Ծաղկաձորի անտառներին չհասնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG