Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների մեծ մասը համոզված է՝ ռուսական ստորաբաժանումները հարկավոր է դուրս բերել Սիրիայից. «Լևադա»


Ռուսաստանցիների մեծ մասը համոզված է, որ ռուսական ստորաբաժանումները հարկավոր է դուրս բերել Սիրիայի տարածքից: Դա են վկայում «Լևադա» կենտրոնի անցկացված վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները:

Հետազոտության համաձայն, ռուսաստանցիների գրեթե կեսը` 49 տոկոսը, վստահաբար նշել է, որ Մոսկվան պետք է դադարեցնի շուրջ երկու տարի առաջ Սիրիայի տարածքում մեկնարկած ռազմական առաքելությունը:

Ռուսաստանցիների 30 տոկոսը հակառակ տեսակետն ունի. երկրի բնակիչների այս խումբը համոզված է, որ Սիրիայում տեղակայված ռուսական ստորաբաժանումները պետք է շարունակեն մնալ այդ երկրի տարածքում` աջակցություն ցուցաբերելով Բաշար Ասադին հավատարիմ ուժերին:

Մոսկվացի սոցիոլոգների անցկացրած հետազոտությունից նաև պարզ է դառնում, որ ռուսաստանցիների մի զգալի մասը լուրջ մտավախություն ունի, որ Սիրիայում` ռուսաստանյան ռազմական ներգրավվածությունը կարող է նույն սցենարով զարգանալ, ինչ 30 տարի առաջ Աֆղանստանում ծավալված իրադարձությունները` հանգեցնելով ռուսական կողմի և նրա դաշնակիցների ծանր պարտությանը:

Սոցիոլոգների հարցին, թե կարող է արդյո՞ք սիրիական պատերազմը «նոր Աֆղանստանի» վերածվել Ռուսաստանի Դաշնության համար, դրական է պատասխանել հետազոտությանը մասնակցած ռուսաստանցիների 32 տոկոսը:

Հարցվածների 51 տոկոսի համոզմամբ, նման հեռանկարը կամ քիչ հավանական է, կամ էլ իսպառ բացառվում է:

«Լևադայի» սոցիոլոգները նաև արձանագրում են, որ ռուսաստանցիների մի զգալի մասը հոգնել է սիրիական պատերազմից և այլևս չի հետևում մերձավորարևելյան այդ երկրում ծավալվող զարգացումներին:

Հարցվածների միայն 18 տոկոսն է նշել, որ ուշադրությամբ հետևում է Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմի ընթացքին:

Ռուսաստանցիների 56 տոկոսը նշել է, թե որոշ տեղեկություններ ունի սիրիական իրադարձությունների մասին, իսկ 26 տոկոսն ազնվորեն խոստովանել է, որ այդ երկրում ծավալված վերջին իրադարձություների մասին որևէ պատկերացում չունի:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմին միջամտեց 2015-ի սեպտեմբերի 30-ին` օդային հարվածներ հասցնելով Բաշար Ասադի հակառակորդ խմբավորումների դիրքերին:

Անցած երկու տարիներին Ռուսաստանը նաև ցամաքային գործողություն նախաձեռնեց` երկու ռազմակայան հիմնելով Սիրիայի տարածքում:

«Հմեյմիմ» օդանավակայանում այսօր տեղակայված է ռուսական առանձին օդային զորախումբը, Տարտուսի ռազմա-ծովային բազայում էլ ռազմանավերից բացի տեղակայված են ծովային հետևակի ստորաբաժանումները:

Հակասական տեղեկություններ կան նաև ռուսական կողմի զոհերի մասին: Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Սիրիայում վերջին երկու տարում 36 ռուսաստանցի զինծառայող է զոհվել:

Արևմտյան աղբյուրները դրանց գումարում նաև ռուսաստանցի վարձկաններին, որոնք Բաշար Ասադին կողմից կռվում են՝ ընդգրկվելով այսպես կոչված «մասնավոր ռազմական ընկերությունների» կազմում: Դրանցից թերևս ամենահայտնի այսպես կոչված «Վագների խումբն է», որի ընդհանուր թվաքանակն, ըստ ռուսական մամուլի, հասնում է 400-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG