Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ընդգծում է․ - «Մշտապես հրահանգը գալիս է քաղաքական իշխանությունից, թե որ դատական նիստերը լուսաբանեն, որը չլուսաբանեն: Դա, իհարկե, միանշանակ հրահանգի արդյունք է»:
Փաստաբան Հայկ Ալումյան․ - «Ինչ-որ մարդկանց հաճոյանալու համար մեր դատական համակարգը սկսել է սահմանափակել լրատվամիջոցների և փաստաբանների իրավունքները: Ես կարծում եմ, ամենաբարձրաստիճան իշխանությունները էսօր երևի ուրախանում են»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյան․ - «Մենք գիտենք, որ դատական իշխանությունը անկախ չէ, և շատ հարցերում ուղղակի քաղաքական պատվեր է կատարում»:
Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի, ընդդիմադիր Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և Նորքի զինված խմբի գործով դատավարությունների ընթացքում, հիշեցնեմ, դատախազի միջնորդությամբ, դատական նիստերը տեսանկարահանելն արգելվել է։
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ընդգծում է՝ ամեն ինչ սկսեց Սեֆիլյանի գործից․ - «Երբ որ ակնհայտ անօրինական պայմաններում սկսեց հարցաքննել էնպիսի անձանց, ովքեր նախաքննության ժամանակ չէին հարցաքննվել և իրավունք չկար հարցաքննել: Եվ հետաքրքիրը նա է, որ բոլոր գործերով, մեկը մյուսի հետևից այդ դեպքից հետո սկսվեց նույն սցենարը: Ցավալի է, որ բոլոր դատարանները նույն ձևով միջնորդություններ են ընդունում և բավարարում դատախազների կողմից: Սա նշանակում է, որ դատարանները ուղղորդվում են մի կենտրոնից»:
Դատարանը տեսանկարահանման արգելքը հիմնավորել է նրանով, թե լրատվամիջոցների ուղիղ հեռարձակման շնորհիվ վկաները կարող են լսել ու համապատասխանեցնել միմյանց ցուցմունքները։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, դատարանն այսպիսով սահմանափակում է հանրության՝ տեղեկություն ստանալու իրավունքը․ - «Ենթադրենք այն վկան, որի ցուցմունքները էական նշանակություն կարող են ունենալ, կամ ի վերջո այդ ցուցմունքները, ենթադրենք, կարող են լսել մյուս վկաները, նշանակում է, պետք է այդ լսելու հնարավորությունից զրկել մյուս վկային, ոչ թե լրատվական միջոցին: Հանրության տվյալ դատական պրոցեսին հետևելու, տեղեկատվություն ստանալու այդ շահը տվյալ դեպքում գերակա է»:
Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը շեշտում է, որ վկաների ցուցմունքները մեկ ուրիշ վկային հասանելի չդարձնելու հիմնավորումը տրամաբանական չէ, քանի որ բոլոր վկաները նույն օրը չեն հարցաքննվում: Եթե անգամ ոչ ուղիղ հեռարձակմամբ, հետո միևնույն է լսելու են, թե ինչ է կատարվել նիստերի դահլիճում։
«Ձայնը բոլորի համար հասանելի է, ձայնագրությունը բոլորի համար հասանելի է, և լրատվամիջոցների համար հետաքրքրություն ներկայացնող գործ է, տեղեկատվությունը այսպես թե այնպես տարածվում է: Այսինքն այդ արգելքը ինքը իրենով չի աշխատում, բոլոր դեպքերում չի աշխատում», - հավելեց Ալումյանը:
Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի, Նորքի զինված խմբի աղմկահարույց գործերով դատավորների նմանատիպ գործելաոճի մասին «Ազատությունը» պարզաբանում խնդրեց դատական դեպարտամենտից: Մամուլի քարտուղար Արման Խաչատրյանը խոստացավ քննարկել հարցն ու պատասխանել, իսկ հետո անպատասխան թողեց հեռախոսազանգերը։
Փաստաբան Հայկ Ալումյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, բոլոր այս օրինախախտումները խոցելի են դարձնելու դատավճիռները։ Ալումյանի խոսքով, օբյեկտիվ դատավճիռը քաղաքական այս գործերով կկայացվի ոչ թե Հայաստանում, այլ եվրոպական դատարանում։