Շաբաթներ առաջ Թուրքիայի նախագահը Գերմանիայում ապրող իր հայրենակիցներին հորդորել էր սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում չքվեարկել Քրիստոնեա-դեմոկրատական միության, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ու Կանաչների օգտին՝ նրանց որակելով «Թուրքիայի թշնամիներ»:
«Ջումհուրիյեթ» պարբերականի հաղորդմամբ, հիմադրամի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գերմանաբնակ թուրքերի կեսից ավելին, այնուամենայնիվ, կքվեարկի «Էրդողանի սև ցուցակում» գտնվող կուսակցությունների օգտին։
Այսպես, ըստ հարցման արդյունքների՝ թուրքերի շուրջ 45 տոկոսը առաջիկա ընտրություններում իր ձայնը կտա Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, 12 տոկոսը՝ կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միությանը, 7 տոկոսը՝ Կանաչների կուսակցությանը։
Հետևելով նախագահ Էրդողանի կոչին՝ խորհրդարանական ընտրություններում առաջադրված մյուս կուսակցությունների օգտին քվեարկելու է Գերմանիայի թուրք քաղաքացիների միայն 8 տոկոսը, իսկ 30 տոկոսը իր ձայնը չի տալու և ոչ մի կուսակցության։
Թուրքական հոծ բնակչություն ունեցող գերմանական քաղաքներում՝ Բեռլինում, Քյոլնում, Էսսենում, Ֆրանկֆուրտում, Հանովերում և Մյունհենում, ըստ հարցման, առաջիկա ընտրություններին մասնակցելու է քվեարկելու իրավունք ունեցող թուրքերի 44 տոկոսը, 38-ը՝ չի մասնակցելու, իսկ 18 տոկոսը դեռ չի կողմնորոշվել՝ գնա՞լ ընտրատեղամաս, թե՞ ոչ։ Գերմանիայում ապրող 3 մլն 200 հազար թուրքերից մոտ 1․5 միլիոնը այդ երկրի քաղաքացիներ են։
Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ էր արել չսխալվել և ձայն չտալ «Թուրքիայի թշնամի» կուսակցություններին:
Բունդեսթագի ընտրությունների քարոզարշավի անցած կիրակի կայացած հեռուստաբանավեճում թե՛ գործող կանցլեր Անգելա Մերկելը, թե՛ նրա հիմնական մրցակից սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը խստորեն քննադատել էին Թուրքիային՝ երկուսն էլ պնդելով, որ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները Անկարայի հետ պետք է դադարեցվեն:
«Ես երբեք էլ չեմ հավատացել, որ Թուրքիան կարող է դառնալ Եվրամիության անդամ: Ավելին՝ հստակ է, որ Թուրքիան չպետք է ԵՄ անդամ դառնա», - հայտարարել էր Գերմանիայի դաշնային կանցլերը: