Նախաձեռնությունը «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնին է, մասնակցություն է բերել նաև Հայ կոլեկցիոներների ակումբը:
Այս ցուցահանդեսում, որը կգործի մինչև սեպտեմբերի 29-ը, ներկայացված են մեր կերպարվեստի տարբեր ուղղություններ՝ դասական և մոդեռն 24 վարպետների ստեղծագործություններ, որոնք պատկանում են Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Արշիլ Գորկու, Մինաս Ավետիսյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Վարուժան Վարդանյանի և մեր այլ անվանի գեղանկարիչների վրձնին:
Ցուցահանդեսի կազմակերպիչներից Հայ կոլեկցիոներների ակումբի հիմնադիր Աննա Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Ցուցահանդեսի անվանումը՝ «Ընտրանի», հանկարծակի չի հայտնվել, որովհետև Հայ կոլեկցիոներների ակումբը այսօր ներկայացնում է հատուկ ընտրած հայ կերպարվեստի գոհարներ, որոնք կա՛մ երբևիցե չեն ցուցադրվել, կա՛մ շատ հազվադեպ են ցուցադրվել: Այս ցուցահանդեսը առաջին քայլն է մեր մեծ բիզնես ձեռնարկի, որի նպատակը հռչակավոր հայ կերպարվեստի համաշխարհային ճանաչում ստանալն է և միջազգային բիզնես ինդուստրիայի մեջ մտցնելը»:
Գրիգորյանն ասաց, որ նախատեսում են ոչ միայն նման ցուցահանդեսներ կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, այլև հրատարակել կատալոգներ, գրքեր՝ նվիրված մեր կերպարվեստի լավագույն ներկայացուցիչներին:
«Առաջին աճուրդը կկայանա այս ամսվա դեկտեմբերին, և հուսով եմ, ամբողջ հասարակությունը կվայելի այս ցուցադրված արվեստի գործերը, իսկ բիզնես ծրագիրը իր սկիզբը կառնի հենց այս ցուցահանդեսով․ - «Բիզնես ծրագրի նպատակը այն է, որ մեր հայ կերպարվեստը դառնա հայ մշակույթի մի առաջնահերթ երևույթ: Այսինքն ոչ միայն ինքն իրենով լինի որպես կերպարվեստ, այլ ընդհանրապես հայ մշակույթի դրոշը վերցնի իր ձեռքը համաշխարհային ասպարեզում»:
Այս ցուցահանդեսով նաև մի նոր բիզնես նախաձեռնություն է սկիզբ առնում հայ կերպարվեստի ոլորտում․ - «Առանց ցուցահանդես աճուրդ հնարավոր չի լինում․ մենք առաջին հերթին պիտի ցուցադրենք: Առանց կոլեկցիոներ, առանց հայ կոլեկցիոներների, որոնք իրենց ներդրումը կանեն թե՛ իրենց աշխատանքները ներկայացնելով, թե՛ այլ օգնությամբ, աճուրդ չի կայանա: Այսինքն այս ամեն ինչը փոխկապակցված բաներ են՝ ցուցահանդեսները, զարգացման ծրագրերը, կատալոգները, աճուրդները, որոնք պիտի բերեն ինչ-որ մի արդյունքի, որը, շատ հուսով ենք, պիտի ստանանք: Հեշտ աշխատանք չի, միջազգային ասպարեզ մտնելը հեշտ չի, որովհետև մեծ ներդրումներ է պահանջում, ուժ է պահանջում»:
«Սա շատ ողջունելի է», - «Ազատության» հետ զրույցում ասաց արվեստաբան Վարդան Վարդանյանը, - «որովհետև առաջին փորձն է արվում, որ լրջորեն ներկայացվի հայ բարձր արվեստը: Մենք ունենք կոլելցիոներներ, որոնք հրաշալի գործեր ունեն իրենց մոտ, և ներկայացնելու առիթները քիչ են լինում: Այստեղ լավը նա է, որ ակունքներից ներկայացված է՝ Այվազովսկի, Մախոխյան, Գառզու, Ժանսեմ, Քոչար, Մինաս, դասականներից մինչև մեր ժամանակակից, նույնիսկ մոդեռնիսները»:
Վարդանյանը համոզված է, որ հայ կերպարվեստը չափազանց ներկայանալի է 20-21-րդ դարի համաշխարհային կերպարվեստում․ - «Այստեղ կա, ասենք, Թութունջյանի նկարները, որը իրոք արժեվորվել է դրսի շուկայում և շատ բարձր գներ ունի: Եվ կողքի նկարիչները պակասը չեն, չեն զիջում: Ուղղակի արժեվորել է պետք: Եվ նման ցուցահանդեսները կնպաստեն այդ արժեվորմանը»: