Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» դատավարություն․ կրկին խոչընդոտներ, կրկին սանկցիաներ


Փաստաբան Լուսինե Սահակյան
Փաստաբան Լուսինե Սահակյան

«Սասնա ծռեր»-ի գործով մի քանի փաստաբաններ այսօր նորից չկարողացան մուտք գործել դատարանի դահլիճ․ կարգադրիչները պահանջում էին ցույց տալ պայուսակի պարունակությունը՝ հակառակ դեպքում արգելելով առաջ գնալ:

Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ պայուսակը դատարկ է, հավանաբար մետաղական ամրակն էր ազդանշան արձակում, բայց նաև հիշեցրեց, որ նույն պայուսակով նախորդ նիստերին մի քանի անգամ անարգել մուտք է գործել դատարան:

Նա փորձեց առաջանալ՝ հանդիպելով կարգադրիչների ու ոստիկանների կազմած պատին:

Զինված խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը արդեն տևական ժամանակ չի կարողանում նիստերին մասնակցել․ - «Միտում չտեսնել չեմ կարող, քանի որ իմ գործընկերների մեջ կան մարդիկ, ում պայուսակը նույնպես ազդանշան է տվել, բայց նրանք առանց որևէ խոչընդոտի մուտք են գործել նիստերի դահլիճ: Բացի առաջին երկու դատական նիստերից, ես որևէ այլ դատական նիստի չեմ կարողացել մասնակցել»:

Այնինչ դատարանը նիստին չմասնակցելը համարում է անհարգալից վերաբերմունք, Շուշանյանի նկատմամբ սանկցիա կիրառում, իսկ նրա պաշտպանյալներին փորձում է պարտադրել հանրային պաշտպաններ:

Կարգադրիչների կազմած արձանագրությունների հիման վրա այսօր ևս դատավորը որոշեց Շուշանյանին և Սահակյանին պատժել․ - «Կիրառել դատական սանկցիա, պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանական պալատ»:

Դատարանի մուտքի մոտ նույն իրավիճակում հայտնվեցին նաև այլ փաստաբաններ և, ստիպված դրսում թողնելով պայուսակները, դատարկաձեռն մասնակցեցին նիստին: Պաշտպանները պահանջում էին հրապարակել արգելված իրերի ցանկը, հեգնում, թե ձեռքի ժամացույցն ու գրիչն էլ կարող են վտանգավոր համարվել՝ եթե դահլիճում նետեն:

Այս իրավիճակը հաջորդեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի երեկվա հայտարարությանը, թե դատական կարգադրիչները ոչ թե խուզարկում, այլ իրավաչափորեն զննում են փաստաբաններին․ - «Հիմա պատկերացրեք, եթե չզննեն, և մեկը մի նռնակ անցկացնի և տա այդ մարդկանց, և այդ մեկը փորձի նռնակը օգտագործել»:

«Արա Զոհրաբյանը միանշանակ կատարում է իշխանությունների պատվերը և ամեն ինչ անում է, որպեսզի հերթական անգամ պաշպանների իրավունքները խոչընդոտվեն: Եվ ամեն ինչ անում է, որպեսզի հանրային պաշտպանների մուտքը դատարան ապահովվի: Դատարանը արդարադատություն չի իրականացնելու: Սա ակնհայտ է: Արա Զոհրաբյանը իր գործողություններով փոխարենը կանգներ փաստաբանների կողքին, կանգնած է ապօրինություններ գործող դատական համակարգի կողքին», - նշել էր Լուսինե Սահակյանը:

Այս ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը հասցրեց սանկցիա կիրառել որպես «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի նկատմամբ՝ տեղից խոսելու համար․ - «Ես Ձեզ վերջին անգամ նախազգուշացնում եմ․ եթե որևէ անգամ տեղից որևէ ռեպլիկ կանեք, կկիրառեմ դատական սանկցիա, ավելի ծանր․․․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք նորից շարունակում եք դատական նիստը խանգարել, հետևաբար դատարանը Ձեր նկատմամբ կիրառում է դատական սանկցիա»:

«Իմ պաշտպանյալը ջուր է ցանկանում, առողջական խնդիր ունի», - միջամտեց Խանդոյան փաստաբան Արա Ղարագյոզյանը: - «Խնդրում եմ իրավական հիմքեր նշեք, թե ինչ հիմքով եք իմ պաշտպանյալին հեռացնում»:

Ավելի ուշ Ղարագյոզյանը ասաց․ - «Ընդհուպ որ նրան դատավորի ներկայությամբ բռնության ենթարկեցին, և հիմա նա առողջական խնդիրներ է ձեռք բերել, մի հատ էլ ջուր ուզելու համար նրա նկատմամբ սանկցիա է կիրառում: Սա պարզապես արդարադատություն չէ: Դատավորը տապալում է դատական նիստերը»:

Արայիկ Խանդոյանի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը թիրախավորված է՝ հիշեցնելով, որ դատարանի շենքում ծեծի ենթարկվելու մասով հարուցված քրեական գործով որևէ շարժ չկա․ - «Առերեսումներ չի կատարվել, նույն այդ Արմեն Ղազարյանը շարունակում է մնալ և հիմա ներքևում մեր պաշտպանյալների հետ է, և հնարավոր է հերթական բռնությունը այս Արմեն Ղազարյանի կողմից: Ենթադրյալ մեղադրյալը գտնվում է տուժողների հետ: Սա պարզապես ձևական հարուցված քրեական գործ էր, որը որոշակի ժամանակ հետո կկարճվի, և այս բռնությունն էլ կանցնի-կգնա»:

Սանկցիա արժանացավ նաև Խանդոյանի մյուս փաստաբանը՝ Արայիկ Պապիկյանը, ով դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ այս իրավիճակում այլևս չի կարող մասնակցել նիստին, ու հեռացել էր:

Դատավորն այսօր առանց քննության թողեց հերթական միջնորդությունը՝ կասեցնել գործի վարույթը ու դիմել Սահմանադրական դատարան՝ վերջապես հանգուցալուծելու հանրային պաշտպանի շուրջ իրավական ճգնաժամը:

Այսպիսով արդեն երեք ամիս է «Սասնա ծռերի» գործով երկու դատավարությունները, ըստ էության, առաջ չեն շարժվում, բուն քրեական գործի քննությունը չի սկսվում, դեռ նախապատրաստական փուլն է:

Երկու գործերով դատարանի առջև կանգնած 14 և 18 ամբաստանյալներն իրենց անմեղ են համարում, նրանց առաջադրել է շենք գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, սպանության, զինված խմբին օժանդակելու հոդվածներով մեղադրանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG