Հանձնաժողովում մեծամասնություն ունի Հանրապետականը: Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչը հանձնաժողովի նիստին ներկա չի եղել։
«Ելք»-ն առաջարկել էր Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Առաջին Վեհափառի, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզեի փողոցը՝ Ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյանը՝ Լեոնիդ Ազգալդյանի անուններով, իսկ Իսակովի պողոտան Լենինգրադյանին կապող հատվածը կոչել Մոնթե Մելքոնյանի անունով:
Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի խոսքով, 4 հանրապետականներ ձեռնպահ են եղել միայն Մոնթե Մելքոնյանի անվան փողոց ունենալուն, բայց անվանափոխություններին միաձայն դեմ են քվեարկել:
«Պատահական չէ, որովհետև միկոյանատիպ և կասյանատիպ չինովնիկներ մեր իշխանության մեջ և Հանրապետականում քիչ չեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը: - «Մեր նախաձեռնությունը հստակ արժեհամակարգային է, մենք չպետք է ունենանք փողոցներ, որոնք կրում են հակապետական հակազգային գործիչների անուններ: Մենք 2018 թվականին նշելու ենք մեր Առաջին Հանրապետության, պետականության վերականգնման հարյուրամյակը, բայց մենք այսօր ունենք փողոցներ՝ Միկոյանի, Կասյանի, Ամիրյանի, որոնք հակապետական գործունեություն են արել»:
Հարցին, թե ինչ հակափաստարկների են արժանացել իրենց փաստարկները, ավագանու ընդդիմադիր անդամը պատասխանեց․ - «Հիմնական հակափաստարկը այն է, որ հանրային կարծիքը ուսումնասիրված չէ այս հարցի հետ կապված: Կարծես մնացած բոլոր հարցերով Հանրապետական կուսակցությունը հանրաքվեներ է անցկացնում, հանրային կարծիքը ուսումնասիրում է»:
Հարությունյանը կարծում է, որ հանրապետականները քվեարկելիս առաջնորդվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությամբ, թե «չեն պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանափոխել»․ - «Տարոն Մարգարյանը ինքը անձամբ հայտարարեց, որ սա կվտանգի հայ-ռուսական հարաբերությունները, Սանկտ Պետերբուրգի հետ հարաբերությունները: Այնինչ Սանկտ Պետերբուրգի բնակիչները և ղեկավարությունը քսանվեց տարի առաջ իրենք են Լենինգրադ անունը փոխել»:
Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե որպես անկուսակցական ինքը չի ենթարկվում կուսակցական կարգապահությանը, ուղղակի իր դեմ կարծիքը համընկել է ավագանու հանրապետական անդամների տեսակետի հետ․ - «Ի՞նչ է տալիս շարքային երևանցուն այս պահին պատմական էջը պոկել և շպրտել, բացի անհանգստությունից, բացի ժամանակ վատնումից, բացի նյութական կորուստներից և ընդհանրապես, սա որքանո՞վ է այս պահին օգտակար»:
Հարցին, թե արդյոք հիմնավորումը, որ այդ մարդիկ հակապետական գործունեություն են ծավալել, համոզիչ փաստարկ չէ, Վարդազարյանն արձագանքեց․ - «Սովետական շրջանի գրեթե բոլոր հայտնի մարդկանց՝ սկսած Արամ Խաչատրյանից, Մարտիրոս Սարյանից, Եղիշե Չարենցից և շատ ու շատ ուրիշներին կարելի է նույնպես ինչ-որ մի ձևով համարել հակապետական, որովհետև նրանք այդ պետություն ստացել են աշխատանքային հերոս, լենինյան մրցանակի դափնեկիր, ստալինյան մրցանակի դափնեկիր: Եկեք այդ ամեն ինչից էլ հրաժարվենք, Մյասնիկյանի և Շահումյանի արձաններն էլ քանդենք․․․ Իսկ ի՞նչ դա կտա Երևանին և շարքային երևանցուն՝ չհիմնավորված լինելով և առանց հասարակական կարծիքը հարցնելու: Դրա համար ես դեմ եմ»:
Ճշտող հարցին, թե արդյոք իր ասածը նշանակում է, որ ինքը նույն հարթության վրա է դնում Արամ Խաչատրյանին և Անաստաս Միկոյանին, Վարդազարյանը պատասխանեց․ - «Ո՛չ, նույն հարթության վրա չեմ դնում: Ես նկատի ունեմ, որ եթե այս ճանապարհով գնանք, սա ես ասում եմ իրոնիայով՝ կարող է դրան էլ հասնի»:
Արայիկ Հարությունյանի խոսքով, բացասական եզրակացություն ստացած իրենց նախագծերն, այնուհանդերձ, կքննարկվեն ավագանու նիստում․ - «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքը ասում է, որ չորս ամսվա ընթացքում, անկախ նրանից, թե նախագիծը ստացել է դրական թե բացասական եզրակացություն, քաղաքապետը պետք է մտցնի ավագանու հերթական նիստի օրակարգ»: