Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը բացարկ ներկայացրեց մեղադրող դատախազին


Անդրիաս Ղուկասյանը դատարանի դահլիճում:
Անդրիաս Ղուկասյանը դատարանի դահլիճում:

Մեկ տարուց ավելի անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանն այսօր դատական նիստի մեկնարկին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ պնդելով, թե վերջինս քաղաքական պատվեր է կատարում:

Ըստ մեղադրանքի, անցյալ տարի հուլիսի 29-ին Անդրիաս Ղուկասյանը Սարի թաղում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, հորդորել է քարերով հարվածել ոստիկաններին, ինչի հետևանքով տուժել է մոտ 4 տասնյակ ոստիկան։ Անդրիաս Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքը։

Այսօր դատարանում նա պնդում էր, թե նախաքննության ընթացքում խախտվել է իր պաշտպանական իրավունքը: Դատախազին բացարկ ներկայացնելու հիմքերից մեկն այն է, որ ընդամենը մեկ օրվա ընթացքում դատախազը մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած 30-ից ավելի միջնորդությունները՝ առանց դրանք լրջորեն ուսումնասիրելու:

«Իմ կարծիքով, դիտավորյալ հարգելի պարոն դատախազը այդ ամենը կատարեց, որպեսզի իմ դեմ սուտ վկայություններ տված վկաների ցուցմունքները մնան չստուգված: Այդ միջնորդությունները, որոնք որ մերժվել են, նաև ուղղված էին սուտ ցուցմունքները ստուգելուն: Եվ ըստ էության հասկանալի է, որ պաշտպանական կողմի կատարած այդ հսկայական աշխատանքը անհնար էր մեկ օրվա մեջ գնահատել», - ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Զանգվածային անկարգություններ կազմակերպելուց բացի, ըստ մեղադրանքի, Ղուկասյանը Ազատության հրապարակից երթով դեպի Սարի թաղ շարժվելով նպատակ է ունեցել միանալ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին։

Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն այսօրվա նիստում տեղեկացրեց, որ դատախազությունը չի ընդունել այն տեսանյութերը, որտեղ հստակ երևում են Ղուկասյանի տեղաշարժերն ու գործողությունները, որոնք այլ իրականություն են ներկայացնում:

«Նման միջնորդությունները մերժելը, որոնք շատ պարզ են, ցույց է տալիս, որ իրականում դատախազը շահագրգիռ է, կամ էլ, ինչպես Անդրիաս Ղուկասյանը ասաց, գուցե ձեռնահաս չի: Բայց, համենայն դեպս, գործի ելքով շահագրգռվածություն ունի»:

Մյուս փաստաբան Ինեսսա Պետրոսյանն իր խոսքում ընդգծեց, որ գործով ցուցմունք տվողներից ոմանք պաշտոնապես հոգեկան հիվանդություններ ունեն, իսկ դատախազը չի ցանկացել հաշվի առնել այնգամ այդ հանգամանքը․ - «Երկու դրվագով մեղադրանք ունենք, երկու դրվագով էլ ցուցմունք տվողները հոգեկան հիվանդներ են»:

Մեժլումյանն ու Պետրոսյանն այսօր դատարանում հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալը քաղբանտարկյալ է: Պնդում էին, որ դատախազ Պետրոսյանը կողմնակալ է և ամենևին չի ցանկանում օբյեկտորեն վերհանել իրականությունը:

Ինեսսա Պետրոսյան․ - «Ընդամենը նա քաղաքական պատվեր է կատարել այս գործով»:

Կարեն Մեժլումյան․ - «Անդրիաս Ղուկասյանը քաղբանտարկյալ է, քաղաքական է գործը: Եվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները երկու անգամ այդ մասին հայտարարել են»:

Նկատենք, որ Ղուկասյանն այսօր նաև կասկած հայտնեց, թե դատախազն առհասարակ կոմպետենտ է այս գործով նիստին մասնակցելու համար՝ անկարկելով, որ Պետրոսյանը գործի հետ կապ չունեցող վարչություն է ներկայացնում․ - «Սա Ազգային անվտանգության կողմից քննվող, ապօրինի թմրամիջոցների շրջանառության հետ կապ չունեցող գործ է, և կիբերհանցարգությունների հետ կապ չունեցող գործ է»:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը դատավորից պահանջեց սանկցիա կիրառել փաստաբան Մեժլումյանի և ամբաստանալ Ղուկասյանի նկատմամբ՝ իր հանդեպ անհարգալից վերաբերմունքի և իր մասնագիտակական որակները կասկածի տակ դնելու համար: Դատավորը, սակայն, մերժվեց դատախազի այդ միջնորդությունը:

Իսկ բացարկի մասին միջնորդության հայտի մասով դատախազն ասաց, թե պաշտպանության կողմի ներկայացրածը հիմնավորված չէ:

Գործով ներգրավված 36 տուժողներից ու 52 վկաներից ոչ մեկը այսօր դատարան չէր ներկայացել: Ղուկասյանը հենց սկզբից ուշադրություն դարձրեց հենց այս հանգամանքի վրա՝ հեգնելով․ իսկ ո՞ւր են տուժողները:

«Ես եկել այստեղ, որ ես մեղադրեմ, որպեսզի հանրությունը հասկանա և՛ պատճառները հուլիսյան իրադարձությունների, և՛ գլխավոր պատասխանատուներին, մեղավորներին․․․ Դա Հայաստանի իշխանություններն են», - հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:

«Այն, ինչ կատարվում է Անդրիաս Ղուկասյանի հետ, նման է քաղաքական պատվերի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրա կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Այսօրվա նիստի ավարտին դատավորն անցավ խորհրդակցական սենյակ՝ դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը քննարկելու համար:

Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG