Մատչելիության հղումներ

Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ դեմ քվեարկեց փողոցների անվանակոչության վեց նախագծերին


Երևանի քաղաքապետարանի շենքը
Երևանի քաղաքապետարանի շենքը

Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր ձայների մեծամասնությամբ բացասական եզրակացություն է տվել «Ելք» խմբակցության անդամների կողմից առաջարկված փողոցների անվանակոչության վեց նախագծերին: Այդ մասին տեղեկացնում է «Ելք» խմբակցությունը։

Ըստ հաղորդագրության, Կասյան փողոցը՝ Վազգեն Առաջին Վեհափառի, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզե փողոցը՝ Ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյան փողոցը՝ Լեոնիդ Ազգալդյանի անուններով անվանափոխելու նախագծերին միաձայն դեմ են քվեարկել հանձնաժողովում Հանրապետական խմբակցության 11 անդամները՝ պատճառաբանելով հանրային կարծիքի ուսումնասիրության բացակայությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ տվյալ փողոցների անվափոխությունը նպատակահարմար չեն համարում՝ առաջարկելով նախագծում նշված անունների համար փնտրել այլ փողոցներ:

Ըստ «Ելք»-ի, միայն մեկ դեպքում էր, երբ ՀՀԿ ներկայացուցիչներից չորսը հրաժարվել են նախապես որոշված քվեարկության տրամաբանությունից և ձեռնպահ մնացել Իսակով պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհը Մոնթե Մելքոնյանի անունով կոչելու նախագծին:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները համաձայնություն են ձեռք բերել առաջիկայում հանրային կարծիքի վերհանման մեխանիզմները քննարկելու վերաբերյալ՝ մասնավորապես տեղական հանրաքվե իրականացնելու միջոցով, որը որպես հանրային կարծիքի արտահայտման միջոց ամրագրված է Սահմանադրությամբ և Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքով:

Այժմ նախագծերը պետք է օրակարգում ներառվեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG