Մատչելիության հղումներ

Հայաստանի պոլիկլինիկական և շտապօգնության ծառայությունները բարելավման խիստ կարիք ունեն․ նախնական զեկույց


Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մոնիտորինգ է իրականացրել Հայաստանի տարբեր առողջապահական հաստատություններում՝ եզրահանգելով պոլիկլինիկական և շտապօգնության ծառայությունները բարելավման խիստ կարիք ունեն: Նախնական զեկույցն այսօր ներկայացվեց Վանաձորում:

Զեկույցում, մասնավորապես նշված է, որ հարցված բուժաշխատողներն առաջարկել են ավելացնել շտապօգնության մեքենաների քանակը, բարձրացնել աշխատավարձը, բարելավել աշխատանքային պայմանները, վերանորոգել պոլիկլինիկաները, նորացնել սարքավորումները նաև իրենց տրամադրել սոցիալական փաթեթներ:

Անդրադառնալով շտապօգնության մեքենաների քանակին, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե համապետական ծրագրի են սպասում, որի արդյունքում նոր մեքենաներ ձեռք կբերվեն:

«Չինաստանից ներ են կրվելու շտապօգնության մեքենաներ, որոնք համամասնորեն նաև կտրվեն Լոռու մարզին», - նշեց նա:

Խոսելով մյուս խնդիրների մասին, Լամբարյանը նշեց, որ նախատեսում են վերանորոգման աշխատանքներ իրականացնել պոլիկլինիկաներում, իսկ աշխատավարձերը վճարվում են սահմանված կարգին համապատասխան:

Զեկույցի քննարկմանը Լոռու մարզպետարանի առողջապահության բաժնից որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում: Լամբարյանը վստահեցնում է՝ իրենք որևէ հրավեր չեն ստացել: Մինչդեռ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հակառակն է պնդում․ - «Զեկույցի նախագիծը ներկայացնելու համար պարտադիր հրավիրում ենք մարզպետարանի առողջապահության վարչության պետին կամ իր աշխատակիցներին, հետազոտված առողջապահական հաստատությունների տնօրեններին կամ իրենց փոխարինողներին, այլ առողջապահական հաստատությունների տնօրեններին և, ինչքան հասկացա, Լոռու մարզի առողջապահության վարչության պետը չի մասնակցում և որևէ ներկայացուցիչ էլ չի ուղարկել, որպեսզի գնա իրեն զեկուցի, թե նման հետազոտություն է արվել»:

Նախնական զեկույցը Հայաստանի բոլոր մարզերում ներկայացնելուց, քննարկելուց և առաջարկություններ լսելուց հետո միայն կկազմվի վերջնական զեկույցը, որն էլ կուղարկվի Առողջապահության նախարարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG