Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը մշակում է օրինագիծ, որն իրավապահներին կընձեռի օտարերկրացիներին հարկ եղած դեպքում արտաքսելու հնարավորություն:
Օրինագծի հիմքում «անցանկալի վարքագիծ» եզրույթն է, այն նշանակում է որևէ գործողություն կամ երևույթ, որը կարող է համարվել սպառնալիք ազգային անվտանգությանը:
«Անցանկալի վարքագծի» համար Ռուսաստանի քաղաքացին կարող է ենթարկվել վարչական կամ քրեական պատասխանատվության, իսկ օտարերկրացին՝ արտաքսվել:
Ենթադրվում է, որ սենատորներն այդ օրինագիծը 2018-ի տարեսկզբին կներկայացնեն Պետական դումայի քննարկմանը: Այդ մասին հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը:
Տեղեկությունը հաստատել է Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը:
Օրինագիծը մշակող փորձագետները նշում են, որ աշխարհի բազմաթիվ երկրներում կան ազգային անվտանգությանը սպառնացող օտարերկրացիներին արտաքսելու մասին իրավական նորմեր:
«Օվկիանոսից այն կողմ գտնվող մեր գործընկերները պարբերաբար միջամտում են մեր ներքին գործերին: Հիմա մենք հետևում ենք նախընտրական զարգացումներին, վերլուծում ֆինանսական հոսքերը, այդ դրամական միջոցները Վաշինգտոնից տարբեր խողովակներով ուղարկվում են Ռուսաստան և տրամադրվում մի շարք կազմակերպությունների», - ասել է Կլիմովը:
«Իզվեստիայի» փոխանցմամբ, մի անանուն պաշտոնյա ասել է, որ «անցանկալի վարքագիծ» եզրույթը հիմնականում կիրառվելու է ֆիզիկական անձանց, նախևառաջ՝ օտարերկրացիների նկատմամբ, թեպետ կարող է վերաբերվել նաև Ռուսաստանի քաղաքացիներին և իրավաբանական անձանց:
«Անցանկալիությունը» որոշվելու է Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնալու համատեքստում: Դա կարող է լինել ազգամիջյան կամ կրոնական ատելության հրահրում, միջամտություն ընտրական գործընթացներին և ռուսաստանյան կրթական հաստատությունների ու երիտասարդների հետ «դրսից» աշխատելու «անցանկալի եղանակ», - նշում է գործակալությունը:
«Իզվեստիան» հաղորդում է, որ օրինագծի մշակումից հետո նախատեսված է դրա լայն հանրային քննարկումը: